fbpx
Սպորտ

09:20 11/9/2019

Գոլ 1-ին րոպեին, 2 11-մետրանոց, 2 դուբլ, 8 գնդակ դարպասում և ոչ միայն․ Անգլիա – Կոսովո (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի A խմբում կայացավ Անգլիա – Կոսովո Հանդիպումը։ Գոլառատ այս մրցավեճի ժամանակ առաջինը հաջողության հասան Կոսովոյի ֆուտբոլիստները։

Խաղի հենց առաջին րոպեին Անգլիայի պաշտպանի սխալից օգտվեց Կոսովոն և Վալեն Բերիշան բացեց հանդիպման հաշիվը։ Գոլից հետո Կոսովոյի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի դեմքի արտահայտությունը չփոխվեց, երևի մարզիչը հասկանում էր, որ սա բարկացնելու է անգլիացիներին․ ու այդպես էլ եղավ։ Նախ 8-րդ րոպեին Ստերլինգը հավասարեցրեց հաշիվը։ 19-րդ Հարի Քեյնն արդեն առաջ մղեց անգլիայի հավաքականին։ 38-րդ րոպեին Կոսովոյի ֆուտբոլիստ Մերհիմ Վոյվոդան ինքնագոլ գրանցեց, իսկ առաջին կեսի 44-րդ և 46-րդ (մրցավարի ավելացրած առաջին րոպե) րոպեներին դուբլ գրանցեց Ջեյդոն Սանչոն։

Առաջին կեսում գրանցված 6 գոլերի համեմատ 2-րդ կեսը մի փոքր պասիվ անցավ։ Կոսովոն 2-րդ 45 րոպեների ընթացքում կամք դրսևորեց և ցույց տվեց, որ կարող է վերադառնալ խաղ նույնիսկ 5-1 հաշվի պայմաններում։

Հանդիպման 49-րդ րոպեին հաշիվը կրճատեց Բերիշան և դուբլի հեղինակ դարձավ։ Իսկ 55-րդ րոպեին Վեդատ Մուրիկին վաստակեց 11 մետրանոց հարված և ինքն էլ իրացնելով այն՝ հաշիվը դարձրեց 5-3: Ինչպես պարզվեց, սա խաղի եզրափակիչ հաշիվն էր։ Հանդիպման մնացած ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին։ Նշենք նաև, որ Կոսովոյի 3֊րդ գոլից հետո 11 մետրանոցի հնարավորություն ստացան անգլիացիները, բայց Քեյնը վրիպեց։

Վերեվ