fbpx
Առողջապահություն

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում աճում են. Արմեն Մուրադյան

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում աճում են: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

««Հերացի» վերլուծականը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ, ամփոփել է երեխաների շրջանում նկատվող անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի մասին ներկայում հայտնի փաստերը:

Սույն թվականի ապրիլի 5-ին Միացյալ Թագավորությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է հայտնել նախկինում առողջ, մինչև 10 տարեկան երեխաների շրջանում անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերի մասին:

Առաջին դեպքերից շուրջ մեկ ամիս անց՝ 2022 թվականի մայիսի 5-ի դրությամբ, Եվրոպական միության 15 երկրներում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145-ը գրանցվել են Միացյալ Թագավորությունում: Հիվանդությունը գրանցվել է նաև ԱՄՆ-ում և Իսրայելում:

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):

Ներկայում գիտնականների կողմից ուսումնասիրվում է հիվանդության առաջաման մի քանի աշխատանքային վարկած՝

1. զուգորդված գործոն, որն ազդում է փոքր երեխաների վրա՝ ավելի ծանրացնելով սովորական թեթև ադենովիրուսային վարակները կամ առաջացնելով նրանց մոտ իմունոպաթոլոգիա.

ա) ընկալություն վարակի նկատմամբ՝ պայմանավորված լոքդաունի պատճառով սեզոնային վարակների ցածր հիվանդացությամբ.
բ) նախկինում տարած կամ զուգորդված կորոնավիրուսային հիվանդություն.
գ) տոքսիններ, դեղեր կամ շրջակա միջավայրի գործոններ.

2. Ադենովիրուսային վարակի նոր տեսակ և այլն:

Վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ է իմանալ, որ դեպքերի հանդիպման հաճախականությունը չափազանց ցածր է, դրանց ծագումնաբանության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, և անգամ եթե ադենովիրուսային վարակը ունի դերակատարում, հիվանդությունը հավանաբար չունի մարդուց մարդ փոխանցվող հիվանդության հատկանիշներ:

Այնուամենայնիվ, զգոնություն պահպանելու նպատակով, ծնողներին խորհուրդ է տրվում երեխաների մոտ վերոնշյալ ախտանշանների առաջացման դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, այլ անմիջապես դիմել մասնգետներին, ինչպես նաև խստորեն հետևել հիգիենայի կանոններին (ձեռքերի լվացում, ռեսպիրատոր հիգիենա և այլն), որոնք նպաստում են բազմաթիվ վարակների տարածման կանխարգելմանը»,- գրել է Մուրադյանը:

Նա նշել է, որ կարևոր է հետևել պաշտոնական կամ հեղինակավոր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, քանի որ սոցիալական ցանցերում հանդիպող հրապարակումները հաճախ չունեն գիտական հիմնավորում, իսկ որոշ դեպքերում ակնհայտ կեղծ են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ