fbpx
Հասարակություն

ԱԺ հանձնաժողովում քննարկվել է անկանխիկ գործառնություններ կատարելու հարցը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Նախատեսվում է կարգավորել անկախիկ վճարումների մասով իրավահարաբերությունները: Փաթեթի նպատակն է նվազեցնել կանխիկ դրամաշրջանառությունը և քաղաքացիների համար պայմաններ ստեղծել անկանխիկ վճարումներ իրականացնելու համար:

Նախատեսվում է ուժեղացնել հարկային վարչարարությունն ու պայքարել ստվերային տնտեսության դեմ, մեծացնել ֆինանսական միջնորդության ծավալները, ձևավորել անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ: Օրինագծով ֆիզիկական անձանց կողմից կատարվող կանխիկ գործառնությունների շեմը սահմանվում է 300 հազար դրամը. այդ գումարը գերազանցող գործառնությունները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով:

Նախագծի վերաբերյալ մի շարք գործատուներ որոշակի անհամաձայնություններ ունեն, ինչով էլ պայմանավորված ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին աշխատանքային քննարկում էր նախաձեռնել՝ շահագրգիռ անձանց կարծիքը օրինագծի վերաբերյալ լսելու նպատակով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի, Փաստաբանների պալատի և գրավատների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի խոսքով՝ հանձնաժողովը նամակներ է ստացել Փաստաբանների պալատից և գրավատներից՝ օրինագծի որոշ դրույթների վերաբերյալ:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ բացասական էր: Ըստ նրա՝ փաստաբանական գործունեությունը չպետք է դիտարկել զուտ ձեռնարկատիրության համատեքստում և կիրառել սահմանափակումներ, որոնք կհանգեցնեն որոշակի խնդիրների: Գրավատների ներկայացուցիչներն էլ առաջարկել են հնարավորություն տալ, որպեսզի գրավատուին առաջարկված 20 հազար դրամի փոխարեն հնարավոր լինի տրամադրել մինչև 300 հազար դրամի չափով կանխիկ գումար:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նշել է, որ ամբողջ աշխարհում անցում է կատարվում գործարքների անկանխիկ եղանակին, ինչը չի կարող շրջանցել նաև մեր երկիրը: Նա ընդգծել է, որ փաստաթուղթը բնականոն ընթացքով մատուցվող ծառայությունները սահմանափակելու նպատակ չի հետապնդում: Ամփոփելով քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշել է՝ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածը վերստին կլսեն շահագրգիռ անձանց և գործադիրի հետ կգտնեն բոլոր կողմերին գոհացնող լուծումներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ