Հասարակություն
18:20 28/05/2020

Մեր անկախությունը ձեռք ենք բերել ի հեճուկս ճակատագրի բոլոր հարվածների. Ազատ Դեմոկրատներ

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գրառում է կատարել Facebook-ում: Կուսակցությունը շնորհավորում է բոլորին Հանրապետության տոնի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն ու խաղաղություն, անկոտրում կամք ու բազում հաղթանակներ:
Առաջին Հանրապետության օրը մեր պատմության համազգային կարևորագույն տոներից է՝ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: Մայիսյան հերոսամարտերից հետո 1918 թվականի մայիսի 28-ին “Հայոց ազգային խորհուրդը” հայտարարեց Անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Առաջին Հանրապետության ծնունդն արգասիք էր տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի: Դարեր շարունակ առանց պետականության գոյատևած հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը՝ կերտել Ազատ և Անկախ Պետություն: Մայիսի 28-ը փոխեց մեր բոլորի ճակատագիրը և նոր սկիզբ դրվեց պետական մտածողության և հայապահպանության ամրապնդման պատվաբեր գործում:
Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել, այն հեշտ չի տրվել, մենք այն ձեռք ենք բերել ի հեճուկս ճակատագրի բոլոր հարվածների: Օրվա պատգամը վերստին առիթ է հիշելու, որ ունեցածը պետք է գնահատել ու փայփայել, և լինել էլ ավելի վճռական երրորդ հանրապետության զարգացման և հզորացման ճանապարհին, ՀՀ ինքնիշխանության բարձրացման և միջազգային հարթակում մեր տեղի ու դերի ամրապնդման գործում: Թե՛ այսօր, թե՛ վաղը յուրաքանչյուրս պետք է մասնակից լինի պետականաշինության, ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման գործում, և միայն այս գիտակցումով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները և վստահորեն առաջ շարժվել դեպի Հզոր ու Զարգացած, Առաջադեմ ու Բարեկեցիկ Հայաստան:
Թո՛ղ մեր միասնությունն ու վճռականությունը, յուրաքանչյուրիս պետականամետ և ազգանվեր գործունեությունը երաշխիք լինի նորանոր հաղթանակների և ձեռքբերումների:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Փա՛ռք մեր Ազատատենչ Ժողովրդին»,-ասվում է շնորհավորանքի մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ, մաղթում քաջառողջություն ու…

Geplaatst door Ազատ Դեմոկրատներ, Free Democrats op Donderdag 28 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ