Այս պատմական օրը տոնելով պետք է գիտակցենք, որ մեր անկախությունն ու ազատությունը հեշտ չի տրվել. Ազատ Դեմոկրատներ

Հրապարակող՝

ազատ

Ամենադիտվածներ

Ազատ դեմոկրատներ քաղաքական կուսակցությունը շնորհավորական ուղերձ է գրել ֆեյսբուքյան էջում հանրապետության օրվա առթիվ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում ենք բոլորիս Հանրապետության տոնի առթիվ, մաղթում խաղաղ երկինք, անկոտրում կամք եւ բազում հաղթանակներ:

Առաջին Հանրապետության օրը մեր պատմության կարևորագույն տոներից է՝ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը: 1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը՝ կերտել Ազատ եւ Անկախ պետություն։ Այս պատմական եւ հաղթական օրը տոնելով ու արժևորելով, պետք է հիշենք եւ գիտակցենք, որ մեր անկախությունն ու ազատությունը, պետականությունն ու հաղթանակները մեզ ոչ ոք չի նվիրել, այն հեշտ չի տրվել, մենք այն ձեռք ենք բերել ի հեճուկս ճակատագրի բոլոր մարտահրավերների եւ հարվածների:

Եվ հենց այսօր էլ, երբ մեր պետությունը վերստին կանգնած է փորձությունների եւ վտանգների առջեւ, մեզ համար անչափ ցավոտ կորուստներից թեկուզ վիրավոր եւ թեւաթափ, բայց նաեւ դրանից դասեր քաղելով եւ մեր անցյալի հաղթանակներն ու օրվա պատգամը մեր մտքում ունենալով, մենք պարտավոր ենք հաստատակամ եւ վճռական քայլերով առաջ շարժվել մեր անվտանգության միակ երաշխավոր հայոց բանակի հզորացման, տնտեսության զարգացման, միջազգային հարթակում մեր տեղի ու դերի, ՀՀ ինքնաիշխանության բարձրացման ու ամրապնդման գործում, եւ միայն այս այլընտրանք չունեցող ճանապարհով կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները եւ ունենալ Անվտանգ ու Հաղթական, Առաջադեմ ու Բարեկեցիկ Հայաստան եւ Արցախ:

Թո՛ղ դարերով եկած մեր միասնությունն ու վճռականությունը միմիայն ծառայի ի շահ մեր պետականության ու հայ ժողովրդի եւ երաշխիք լինի նորանոր հաղթանակների և ձեռքբերումների:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Փա՛ռք մեր Ազատատենչ Ժողովրդին։

 

Ամենաթարմ