fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 28-ին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնք։ Մովսես համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանի, Տեր Աբել քահանա Քարտաշյանի, համայնքի վարչական ղեկավար Արտակ Պապյանի, ‹‹Teach For Armenia Դասավանդի՛ր Հայաստան›› կազմակերպության հիմնադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն այցելել է համայնքի միջնակարգ դպրոց, աշակերտների հետ պարել հայկական ավանդական Փոփուռի պարը, մասնակցել դպրոցական խաղերին, նկարչության և կավագործության դասընթացներին։

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել նաև դպրոցի ‹‹Զարթիր›› գրական ակումբի քննարկմանը, որտեղ ակումբի անդամները հանդես են եկել որպես պատանի լրագրողներ և հարցեր ուղղել վարչապետի տիկնոջը։

Ընթերցանության վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Հակոբյանը նշել է, որ ընթերցանության շնորհիվ մարդը հայտնվում է մեկ այլ աշխարհում, որտեղ կան իրական արժեքներ։ ‹‹Առանց գիրք կարդալու հնարավոր չէ լինել երջանիկ, հնարավոր չէ արարել, իսկ երջանկությունը արարման մեջ է››,- ասել է Աննա Հակոբյանը՝ խոստովանելով, որ տանը հաճախ է կարդում փոքրիկ դստեր՝ Արփիի համար։ Վարչապետի տիկինը նաև նշել է, որ մեծ ուշադրություն է դարձնում ընթերցանությանը և տանը հետևում, որ իր զավակները հաճախ գիրք կարդան։

‹‹Գիրքը կրթության խորհրդանիշն է և Նոր Հայաստանի ապագան կախված է հենց գրքից։ Կրթությունից է կախված մեր երկրի զարգացումը››,-

ասել է վարչապետի տիկինը՝ հավելելով, որ անկախ ժամանակաշրջանից գրքի դերակատարությունը երբեք չի փոխվի։ Քննարկման ավարտին դպրոցի ‹‹Արմաթ›› ինժեներական լաբորատորիայի սաները Աննա Հակոբյանին նվիրել են իրենց պատաստած միկրոֆոնը։ Համայնքային այցի շրջանակում Աննա Հակոբյանն այցելել է նաև մշակույթի տուն։

Մովսես համայնքից Աննա Հակոբյանը մեկնել է ՀՀ ԶՈՒ հյուսիս-արևելյան ուղղության մարտական դիրքերից մեկն ու հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին։ Այցի ավարտին լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշել է․

‹‹Ծանոթ եմ քննադատություններ, այցերի հետ կապված չհասկացվածություն կա։ Առաջին հերթին ամուսնուս հորդորով եմ այցելում մարտական դիրքեր։ Հետո որպես վարչապետի կին։ Ես որպես վարչապետի կին գալիս եմ Մովսես գյուղ, ունեմ ծրագիր, տարբեր միջոցառումներ և այսքան մոտ գտնվելով սահմանին, զինվորներին, ովքեր օր ու գիշեր մեր խաղաղությունն են պահպանում կյանքի գնով, ես ուղղակի չեմ կարող չգալ և չհետաքրքրվել նրանց որպիսությամբ։ Մինչև զինվորի մայրն լինելն էլ բանակը մեր յուրաքանչյուր քաղաքացու այնպես էլ իմ սրտում, հոգում և մտքում է եղել։ Նախկինում ինչպես վերաբերվել եմ բանակին, այնպես էլ վերաբերվում եմ այսօր››,- ասել է Աննա Հակոբյանը։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ