ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ‹‹Հայկական ժամանակ›› օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Մեծի Տանն Կիլիկո Արամ Առաջին կաթողիկոսի հրավերով հուլիսի 2-ին Անթիլիասի մայրավանքում ներկա է գտնվել Հայ մամուլի համահայկական համագումարի բացման արարողությանը։ Բացման խոսքով հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամի Առաջինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էլ ընթերցել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Իր ելույթում Աննա Հակոբյանն անդրադարձել է հայ մամուլի մարտահրավերներին։
«Վեհափա՛ռ տեր , սիրելի՛ պարոն դեսպան,
Հայ մամուլին նվիրված համահայկական համաժողովի հարգելի՛ մասնակիցներ, կազմակերպիչներ, հյուրեր
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Առաջինին 2019 թվականը մամուլի տարի հռչակելու, և այս համաժողովը կազմակերպելու համար:
Մամուլն այսօր ամբողջ աշխարհում ճգնաժամ է ապրում, և հայ մամուլը, այսինքն Հայաստանյան մամուլը և աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում գործող մամուլը չէր կարող անմասն մնալ համաշխարհային այս պրոբլեմից: Ուստի սույն նախաձեռնությունն առավել քան երբևէ տեղին է և սպասված: Ես հույս ունեմ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի բարձր հեղինակության և հայրապետական օրհնանքի ներքո այս համաժողովի մասնակիցներին կհաջողվի վեր հանել ամենախորքային խնդիրները, քննարկել դրանք, լուծումներ փնտրել, և եթե հաջողվի նաև ընդհանուր ռազմավարություն և ուղենիշներ սահմանել, դրանք մեզ հետ տանել յուրաքանչյուրս մեր երկիր՝ պարտավորվելով նաև կյանքի կոչելու:
Ես ուզում եմ առաջ անցնել և հույս հայտնել, որ մամուլին նվիրված համաժողովը կդարձնենք ամենամյա, որովհետև եկեք խոստովանենք, աշխարհը խելակորույս արագությամբ զարգանում է, իր հետ բերելով նորանոր մարտահրավերներ և խնդիրներ և մենք, մամուլի միջոցներս պարտավոր ենք արագ և ժամանակին արձագանքել դրանց:
Նորագույն տեխնոլոգիաների արագ զարգացումը, համացանցի սփռվածության սահմանների ընդլայնումը, որպես դրա հետևանք՝ սոցիալական ցանցերի՝ ավանդական մամուլին փոխարինելու, ինֆորմացիայի տարածման և ստացման ամենաօպերատիվ և հիմնական աղբյուր դառնալու հավակնությունները տենդենցներ են, որ մեզ ուղեկցելու են առաջիկա տասնամյակների ընթացքում և լավ կլիներ, եթե մենք կարողանայինք որպես մեկ համայնք, որպես միևնույն արժեքը կիսող և միևնույն նպատակին ծառայող համքարություն միասին և կազմակերպված արձագանքել այս մարտահրավերներին:
Ես համագումարի հետագա աշխատանքներին չեմ կարող մասնակցել, կարծում եմ հարգելի պատճառներով, որովհետև ի հեճուկս մեր բազմաթիվ լրատվամիջոցներում տարածվող լուրերի, թե ես սիրում եմ արտասահմանյան վոյաժներ անել, յուրաքանչյուր արտասահմանյան այցի ժամանակ աշխատում եմ առավելագույն օպտիմալ օգտագործել ժամանակը և շատ բան հասցնել անել: Եվ այս այցն էլ բացառություն չէ։ Ինչպես արդեն գիտեք, ունեմ հագեցած ծրագիր․հանդիպում Լիբանանի նախագահի տիկնոջ հետ, այցելություն Լիբանանում առաքելություն իրականացնող մեր խաղաղապահներին․․․
Ահա ուրեմն, քանի որ չեմ հասցնի աշխատանքային քննարկումներին մասնակցել, ուզում եմ ձեր հետագա դատին հանձնել մեկ-երկու առաջարկություն, օրինակ այն, որ համաժողովը դառնա ամենամյա, որ դրա արդյունքում փաստաթուղթ ընդունվի, որը կարող ենք անվանել ռազմավարություն, կամ Ժամանակի մարտահրավերներին արձագանքելու ուղենիշներ հայկական մամուլի միջոցների համար: Կամ ցանկացած այլ անուն:
Բայց որպեսզի համաժողովը ծառայի իր նպատակին, կամ առավել ևս դառնա ամենամյա, և գործնական կիրառման ենթակա փաստաթուղթ ընդունի, մեզ անհրաժեշտ է անկեղծ խոսակցություն: Առանց դրա, սույն համաժողովը կդառնա հերթական մի միջոցառում, որի առավելագույն ձեռքբերումը կլինի Լիբանանում իրար հետ անցկացրած օրերի ու ժամերի մասին լավ հիշողությունը», – ասել է նա:
Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: