Էկո

Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է, որ այսօր ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։

«Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ․ Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա․ Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ․ Ցուգունյանը։

Նախքան աշխատանքային հանդիպման օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, շնորհակալություն հայտնեցի գործընկերներին, նրանց աշխատակազմին՝ պատերազմի ընթացքում առաջնագծում և թիկունքում կատարած աշխատանքի համար։

Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկեցինք հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Ներկայացրեցի անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր ենք արդյունքներ գրանցել։ Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։

Անդրադարձա անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։

Քննարկեցինք անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։

Ներկայացրեցի անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Գործընկերներին ներկայացրեցի, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։

Անդրադարձ կատարվեց նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Խոսեցի ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրեցի այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնեցի, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորեց նաև պաշտպանության նախարարության կարիքների համար հատկացվող փայտանյութի առանձնացման հարցը, առաջարկելով՝ հատուկ պիտակով նշել այն, որպեսզի ապօրինի անտառհատները զարտուղի ճանապարհներով չփորձեն խուսափել պատասխանատվությունից։

«Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններից յուրաքանչյուրը ներկայացրեց իր տարածաշրջանի անտառկառավարման խնդիրները, կառուցողական քննարկումների արդյունքում ուրվագծվել են դրանց լուծումների հեռանկարները։

Նախարարի տեղակալը ներկայացրեց նաև Անտառային օրենսգրում նախատեսվող փոփոխությունների փաթեթը և խնդրեց գործընկերներին հանդես գալ առաջարկներով։

Ամփոփելով հանդիպումը՝ ներկայացրեցի բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորեցի գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի»,- գրել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ