Իրավական

Անվանի հայորդիներին նվիրված միջոցառումներ ՔԿՀ-ներում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են կազմակերպվել մշակութային միջոցառումներ, որոնք միտված են պահպանելու ազատազրկված անձանց հոգևոր արժեքները, հագեցած դարձնելու առօրյան և նպաստելու նրանց հետագա ինտեգրմանը հասարակությանը:

Այդ նպատակով նոյեմբերի 14-ին «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էին միջոցառումներ. «Արթիկ» ՔԿՀ-ն հյուրընկալել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անձնակազմին: Դատապարտյալներին ներկայացվեց ամերիկահայ գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի՝ ցեղասպանության մասին պատմող «Ձեզ եմ դիմում, տիկնա՛յք և պարոնա՛յք» ստեղծագործությունը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանի մոնո-մատուցմամբ: Երաժշտական ձևավորումը ապահովեց հնչյունային ռեժիսոր Ռոզի Ավետիսյանը: Դերասանի՝ ազդեցիկ ու անմիջական խաղը ներկայացման ողջ ընթացքում լարված պահեց հանդիսատեսին: Տպավորված ներկայացումից և անկեղծ հուզմունքը չթաքցնող դատապարտյալները խորին երախտագիտությամբ հայտնեցին իրենց գոհունակությունն ու շնորհակալությունը դերասանին և միջոցառման կազմակերպիչներին:

ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկն ընդունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Օրբելի եղբայրների տուն-թանգարան», «Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան» և «Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ների անձնակազմին: Ազատազրկված կանանց ներկայացվել էին Օրբելի եղբայրների գիտական, հասարակական գործունեությունը, դրվագներ Սպենդիարյան ընտանիքի շնորհաշատ կյանքից ու անցած ուղուց և Խ. Աբովյանի բանասիրական գաղափարները: Ընթերցվել էին նաև Խ. Աբովյանի ստեղծագործություններից: Միջոցառումն ամբողջականացվել էր օրվա հերոսների մասին պատմող վավերագրական ֆիլմերով և Ա. Սպենդիարյանի երաժշտության հնչյուններով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ