fbpx
Աշխարհ

Ապենինյան թերակղզում տեղի ունեցաց Կանի ճակատամարտի մասին

Մ.Թ.Ա 216թ. օգոստոսի 2-ին Ապենինյան թերակղզում տեղի ունեցավ Կանի ճակատամարտը: Այն հանգրվանային կետերից մեկն էր Երկրորդ Պունիկյան պատերազմի շրջանակներում (Մ.Թ.Ա 218-201թթ.): Կարթագենացի լեգենդար Հանիբալի 50 հազարանոց զորքը ջախջախեց Տիրենցե Բարոնի գլխավորած 90 հազարանոց հռոմեական զորքը: Մեկ օրում մոտ 70 հազարից ավել հռոմեացի սպանվեց: Սպանվեցին նաև 50 սենատորներ: Ընդհանրապես հին աշխարհի պատմության շրջանում բազմաթիվ հետաքրքիր հակամարտություններ կան: Սկսած հույն-պարսկական պատերազմներով վերջացրած Մակեդոնացու և աքեմենյանների հարաբերություններով:

Այստեղ իմ կարծիքով, սակայն իր ուրույն տեղն ունի հռոմեա-կարթագենական հակամարտությունը: Հակամարտություն, որի արդյունքում Հռոմը վերածվեց Միջերկրածովյան գերհզոր տերության: Հակամարտություն, որի արդյունքում, երբեմնի հզոր նավատորմ ունեցող Կարթագենը անկում ապրեց: Հռոմեա-կարթագենական պատերազմները այլ կերպ կոչվում են «Պունիկյան պատերազմներ»: Պատմության մեջ երեք «Պունիկյան պատերազմներ»: է եղել: Առաջին պատերազմի ժամանակ (Մ.Թ.Ա 264-241թթ.) կողմերի փոփոխական հաջողություններից հետո Մ.Թ.Ա 241թ. հռոմեացիները կարողացան հաղթել կարթագենացիներին և վերջնարդյունքում իրենց տիրապետությունը հաստատել Միջերկրական ծովում ռազմավարական նշանակություն ունեցող Սիցիլիայի և մոտակա կղզիներում: Կարթագենը ստիպված էր հսկայական գումարներ վճարել:

Երկրորդ «Պունիկյան պատերազմի» ժամանակ (Մ.Թ.Ա 218-201թթ.) Կարթագենը կարողացել էր ուշքի գալ և նույնիսկ ծավալապաշտական նկրտումներ ուներ: Այդ նկրտումները դրսևորվում էին Պիրենեյան թերակղզում և գլխավորապես Սագունտ քաղաքի գրավումից հետո սկսվեց պատերազմը: Այս շրջանում փայլում էր երիտասարդ զորավար Հանիբալը: Նա մեկ այլ հայտնի կարթագենյան զորավար Համիրկալի որդին էր և Հռոմի երդվյալ թշնամին: Մ.Թ.Ա 218թ նա սկսեց իր արշավանքը դեպի Իտալիա: Արշավանքին մասնակցում էին 90 հազար զինվորներ: Նրանց զինուժի մաս էին կազմում ձիեր ինչպես նաև փղեր: Անցնելով Ջիբլարթարը, մտնելով Պիրենեյներ և շարունակելով ճանապարհը նրանք հանդիպեցին Ռոն գետի արգելքին: Հսկայական գետը նրանք կարողացան անցնել մի քանի մակույկներ պատրաստելով (յուրաքանչյուրը մոտ 60մ): Հանիբալի զորքերը այնուհետև հասան Ալպերին: Թվում է, թե Ալպյան լեռնաշղթան պետք է անանցանելի արգելք լիներ ձիերով և փղերով համալրված զորքի համար, այնուամենայնիվ Հանիբալի ինժեներների հնարամատության շնորհիվ հնարավոր եղավ ժայռերի մեջ անցքեր անել, այնուհետև կրակի և հատուկ նյութերի օգնությամբ հալեցնել քարե զանգվածը, որը իր հերթին թույլ տվեց ճանապարհներ բացել: Նրանք կարողացան անցնել նաև Ալպերը և մտնել Հյուսիսային Իտալիա:

Հյուսիսային Իտալիայում սկզբնական հաջողություններ գրանցելով Հանիբալի զորքը ինչպես նշվեց Մ.Թ.Ա 216թ օգոստոսի 2-ին Իտալական Կան քաղաքի մոտ ջախջախեց հռոմեացիներին: Այդ հաղթանակից հետո, սակայն Հանիբալը չկարողացավ որևէ օգուտ ունենալ, քանի որ նրա զորքը բավականին հոգնել էր: Նա կարողանում էր հաղթել հռոմեացիներին առանձին ճակատամարտերում, սակայն բազմաթիվ փորձերից հետո այդպես էլ չկարողացավ գրավել Հռոմը: Մ.ԹԱ. 206թ Հռոմը անցավ հարձակման և ստիպելով Հանիբալին դուրս գալ Ապենինյան թերակղզուց պատերազմական գործողությունները տեղափոխեց Հյուսիսային Աֆրիկա: Մ.Թ.Ա 204թ. հռոմեացի զորավար Սկիպիոն աֆրիկացին մտավ Աֆրիկաև երկու տարի անց կարողացավ Զամեյի ճակատամարտում վերջնականորեն հաղթել կարթագենացիներին:

Ընդհանրապես հռոմեացիները Կարթագենը համարում էին սեպ որը խրված էր կայսրության սրտում և անգամ Պունիկյան Երկրորդ պատերազմի հաղթական ավարտից հետո նրանք շարունակում էին սարսափել կարթագենացիներից: Պատահական չէ, որ սենատոր Կատոն Ավագը իր ելույթները միշտ ավարտում էր հետևյալ խոսքով` Կարթագենը պետք է կործանվի: Երրորդ «Պունիկյան պատերազմի» ժամանակ (Մ.Թ.Ա 149-146թթ.) հռոմեացիները արդեն վերջնականորեն կարողացան վերացնել թուլացած և երբեմնի հզորությունը կորցրած Կարթագենը:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2420342351348358

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ