fbpx
Կառավարություն

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների և կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով քննարկումը, նշել է.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար:

Այսօր հավաքվել ենք ամփոփելու առնվազն միջանկյալ այն քննարկումները, որոնք ունեցել ենք առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի վերաբերյալ: Գիտեք, որ աշխատանքային խումբ էր գործում, և այդ խմբի գործունեության արդյունքում արդեն իսկ ունենք Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը կոչվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին»:

Սա շատ կարևոր թեմա է, և վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներում քննարկումների առիթ է տվել: Որոշ դեպքերում նույնիսկ կան մեկնաբանություններ, որ փորձ է արվում ներկայացնել, թե արտակարգ դատարանին բնորոշ գործառույթներ են փորձ արվում ներդնել, և երբեմն այնպիսի տպավորություն է, թե այս թեման սկսել է քննարկվել Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո, և այս հարցերի շուրջ պարզաբանումներն ամբողջական չեն եղել: Ես ուզում եմ այսօր՝ մինչև բուն քննարկումը սկսելը, մի փոքր տեղեկատվություն տալ, թե իրականում ինչ պատմություն ունի այս գործընթացը և ինչպիսի հիմնավորումներ:

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման անհրաժեշտության մասին նախևառաջ նշվում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի կոնվենցիայում: Վերջինիս համաձայն՝ երկրները պետք է անհրաժեշտ միջոցառումներ իրականացնեն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում թույլատրելու համար այն դեպքերում, երբ հանցագործը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել մահվան, թաքնվելու, նրա բացակայության կամ այլ համանման դեպքերում: Հայաստանի Հանրապետությունն այս կոնվենցիան վավերացրել է առանց որևէ վերապահման՝ 2007 թվականին:

Այս նպատակով դեռևս 2011 թվականից սկսած «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողով է ձևավորվել, որի կողմից քննարկվել են այդ համակարգի ներդրման հնարավորությունները: Մասնավորապես, Հանձնաժողովի 2011 թվականի 25-րդ, 2012 թվականի 26-րդ և 2013 թվականի 28-րդ նիստերում քննարկվել և 2017 թվականի 33-րդ նիստում հաստատվել է միջոցառումների ծրագիր, որի հիման վրա տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի առջև խնդիր է դրվել՝ ներկայացնել այս ինստիտուտի, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի գույքի օրինականության վերաբերյալ միջազգային նորմերի ներդրման հնարավորությունը Հայաստանում և վերջիններիս միջազգային փորձն աշխարհում: Աշխատանքային խմբի շրջանակներում կազմվել և շրջանառվել են աշխատանքային փաստաթղթեր, կազմակերպվել են քննարկումներ Միջգերատեսչական հանձնաժողովի անդամ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ:

Պետք է նշել, որ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով» Միջգերատեսչական հանձնաժողովը, սկսած 2008 թվականից, շուրջ 11 տարի ղեկավարում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, իսկ անդամներ են հանդիսանում Գլխավոր դատախազի տեղակալը, Արդարադատության նախարարի տեղակալը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Ոստիկանության պետի տեղակալը, Վարչապետի օգնականը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, Ֆինանսների նախարարի տեղակալը և ևս 6՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ներգրավված գերատեսչությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Այսինքն՝ 2008 թվականից այս գործընթացն սկսվել է:

Արդեն 2018 թվականի 34-րդ նիստում վերը նշված Հանձնաժողովը հավանություն է տվել այս, ինչպես նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում մեղադրյալի կողմից գույքի օրինականության ապացուցման պարտականության ներդրման հայեցակարգերին, ինչի հիման վրա 2019 թվականի մարտի 1-ին վարչապետի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Արդարադատության նախարարության գլխավորությամբ, վերոգրյալ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հայեցակարգերի առնչությամբ Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված մարդու հիմնարար իրավունքներին և ազատություններին համապատասխան կարգավորումներ նախագծելու և օրենսդրական փաթեթ ներկայացնելու համար»:

Ելույթն ամբողջությամբ տեսանյութում՝

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ