ԵՄ դատարանը հաստատել է Apple-ի «դարպասապահ» կարգավիճակը
Apple ընկերությունը պարտվել է Եվրոպական միության դատարանում՝ «Թվային շուկաների մասին» օրենքի (DMA) շրջանակներում իր «դարպասապահ» (gatekeeper) կարգավիճակը վիճարկելու գործով։ Լյուքսեմբուրգի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Եվրահանձնաժողովի որոշումը՝ Apple-ի App Store-ը և iOS օպերացիոն համակարգը կարգավորման ենթակա ճանաչելու մասին, համարվել է իրավաչափ։
Դատարանը հաստատել է, որ Apple-ի գործունեությունը համապատասխանում է DMA-ի այն չափանիշներին, որոնք կիրառվում են աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական հարթակների նկատմամբ՝ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։
Հակամարտության հիմքում
Apple-ը փորձում էր վիճարկել օրենքի կիրառումը՝ պնդելով, որ այն ստեղծում է «ծանր և ներխուժող» բեռ, որը սպառնում է ընկերության երկարամյա գաղտնիության և անվտանգության չափանիշներին։ Ի պատասխան՝ Եվրահանձնաժողովի փաստաբանները հայտարարել են, որ Apple-ի «բացարձակ վերահսկողությունը» թույլ է տալիս ընկերությանը «գերշահույթներ ստանալ» այն շուկաներում, որտեղ մրցակիցները հավասար պայմաններում չեն կարողանում գործել։
Հետագա քայլերը
Թեև դատարանի այս որոշումը կարող է բողոքարկվել ԵՄ բարձրագույն ատյանում, այն ամրապնդում է Բրյուսելի վճռականությունը՝ սահմանափակելու տեխնոլոգիական հսկաների ազդեցությունը։ Apple-ն արդեն իսկ վիճարկում է 500 միլիոն եվրոյի (571 միլիոն դոլար) տուգանքը, որը սահմանվել է DMA-ի ենթադրյալ խախտումների համար։ Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ ԵՄ-ի այս քաղաքականությունը սպառնում է սպառողների անվտանգությանը, մինչդեռ ԵՄ կարգավորիչները շարունակում են պնդել, որ օրենքը անհրաժեշտ է թվային շուկաներում արդար մրցակցություն ապահովելու համար։

