Կառավարություն

Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը:

«Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ անհապաղ լուծում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատար Այվազյանն ընդգծել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ նախարարի պաշտոնակատար Այվազյանը և ՄԱԿ Գլխավոր քարտուղար Գուտերեշն անդրադարձել են նաև ԼՂ համակարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ու պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը: ԱԳ նախարարի պաշտոնակատարն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Այվազյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս համատեքստում Արա Այվազյանն ընդգծել է նաև համանախագահության դերը պատերազմի հետևանքների հասցեագրման գործում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ