Կառավարություն
15:25 29/07/2021

Արագածոտնում կկառուցվի բազմաֆունկցիոնալ լեռնային հանգստավայր

Հուլիսի 29-ին տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներկայացրած ներդրումային ծրագիրը, որը կիրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում:

Ընկերությունը նախատեսում է հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։ Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության շրջանում առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը: Լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։

Կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի (տարեկան՝ 2,160 հազ. մարդ/օր)։ Նմանատիպ հանգստյան վայրերում 1 հաճախորդի միջինում անցկացնելիք ժամանակը գնահատվում է 4 օր, հետևաբար համալիրը հնարավորություն կունենա սպասարկելու տարեկան միջինը շուրջ 500 հազ. հաճախորդի։ Կանխատեսվում է, որ 1 հաճախորդի կողմից ծախսը միջինում կկազմի 100 հազար դրամ, ինչը նշանակում է, որ համալիրի կառուցման արդյունքում կլինի տարեկան լրացուցիչ շուրջ 20 մլրդ դրամի ծառայությունների ծավալի ավելացում։ Գնահատվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որն այլ հավասար պայմաններում կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Արդյունքում պետբյուջե կվճարվի ավելի քան 1.2 մլրդ դրամ հարկ:

Ծրագրի իրականացման հետագա փուլերում նախատեսվում է ընդյայնել համալիրը՝ ներառելով այլ ծառայություններ ևս: Ընկերությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և ամենակարևոր գրավականը։ Նոր ներդրողներ ներգրավելու միջոցով ընկերությունը նախատեսում է ապահովել ևս 15 միլիարդ դրամի ներդրում՝ հյուրանոցային հատվածում։

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ում ներկայումս կա գործող 2 հանգստյան գոտի (Ջերմուկ և Ծաղկաձոր համայնքներում), որոնք առաջարկում են լեռնային, մասնավորապես՝ լեռնադահուկային ժամանց: Այդ գոտիներում զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են, երկրորդ տեղում են ԻԻՀ-ից ժամանող այցելուները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ