Կառավարություն

Առաջարկվում է արգելել ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը ոչ ԵՏՄ երկրներ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «ՀՀ կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից երրորդ՝ ոչ ԵԱՏՄ երկրներ։

Նախագծում նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխադարձ առևտրում ԵԱՏՄ անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` մարդու կյանքի և առողջության պահպանման, հասարակական բարոյականության և իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի, մշակութային արժեքների պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանության և անդամ պետության անվտանգության ապահովման համար։

«ՀՀ-ից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմանելու նպատակահարմարության հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահպանության անհրաժեշտությամբ։ Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետների կողմից»,-ասվում է նախագծում:

Ստորև ներկայացված են ապրանքախմբեր անվանումները, որոնց արտահանումն առաջարկում է արգելել.

1 – Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձևերով

2 – Ասեղնատերև տեսակներից, Սաղարթավոր տեսակներից

3 – Անտառանյութեր՝ չմշակված, կեղևը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած

4 – Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր և սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած

5 – Անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած և այլ եղանակով

չմշակած

6 – Գործիքների և համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների արտադրության համար օգտագործվող, ծեղ և համանման փայտանյութ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ