Ընտրանի

Ու՞մ խաղն է խաղում նախկին նախագահը

levon ter-petrosyan

Հունիսի 15-ին խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում Հ1-ով հարցազրույց էր տալիս ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ներկայացրեց իր հայտնի թեզերը՝ կապված Արցախյան կոնֆլիկտի հետ և պնդեց իր մոտեցումների իրատեսությունը։ Մի քանիսն արժանի են բոլորի ուշադրությանը, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ խաղ է փորձում խաղալ նախկին նախագահը։

ՀԱԿ առաջնորդն ասում է, որ Արցախի հարցում պետք է համաձայնության գալ Ալիևի հետ։ Ալիևն ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է։ Չհամաձայնվելով, ըստ նրա, մեր գոյությունն ենք վտանգելու։ Այսինքն, ասում է՝ Հայաստանն իր շահերն այլևս չի կարող պահել, Հայաստանն այլևս հայերի շահերը չի կարող սպասարկել։ Այսպիսի հոռետեսական, ոչ հայանպաստ մոտեցումը փիլիսոփայական առումով կազմաքանդում է ՀՀ սահման պահողի, տնտեսություն վարողի, դիվանագիտական ճակատում աշխատողի, մշակութային ու սպորտային պայքարում արարողների գաղափարական ու նվիրական մոտեցումները՝ ուղիղ հարվածելով պետականության ողնաշարին։

Ըստ իրեն, փոխզիջումը ազատագրված տարածքների վերադարձն էր՝ խաղաղության դիմաց, առանց Արցախին կարգավիճակ տալու, որը կդառնար հետագայում լուծելի հարց, ինչն ինքն առաջարկել է դեռևս 1994 թվականին։ Սակայն, հիմա չունենալով փոխզիջումների համար որևէ հիմք և ստորագրելով հրադադարի հայտարարությունը հակառակորդ կողմն իր զորքերն է մտցրել ՀՀ ինքնիշխան տարածք, գերեվարում է մեր զինվորներին, իր հսկողության տակ անցած Արցախի տարածքներում պղծում է գերեզմանները, վնասում ու ոչնչացնում է պատմամշակությաին արժեքները, եկեղեցիները վերափոխում է մզկիթների և անհասկանալի է դառնում նախագահի այս մոտեցումները, թե ինչ իրատեսական հիմք ուներ այդ խաղաղությունը, եթե նախկինում զիջվեին տարածքները և հակառակորդը աներ այն, ինչ հիմա է անում։

Նա ասում է, որ ավելին՝ Շուշին և Հադրութը պահանջելը, որպեսզի վերակագնվի նախկին ԼՂԻՄ տարածքը, կբերի պատերազմի՝ մեղադրելով դա հավանական համարողներին պատերազմի տանելու մեջ։ Այսինքն նրանց, ովքեր դա հնարավոր են համարում անել միջազգային իրավունքի ճանապարհով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ։ Եվ հաջորդ հարցն է առաջ գալիս։ Եթե հնարավոր չէ դիվանագիտական ճանապարհով ԼՂԻՄ պահանջել, ապա ինչպե՞ս էին դա անում 90-ականներին։ Ինչի՞ հիման վրա էին դա անում։ Իհարկե, դա անում էին ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, որ մինչև հիմա էլ կա որպես միջազգային իրավունքի նորմ։ Բացի այն, հենց իր քաղաքական ուժը առաջիններից է եղել, որ խոսել է «Անջատում հանուն փրկության» կամ «Ճանաչում հանուն փրկության» բանաձևերից։ Այսինքն, մենք չենք օգտագործել կարևորագույն այս բանաձևը, և օգտագործելու պարագայում մեզ շատ հավանական է, որ հաջողի ստանալ առնվազն ԼՂԻՄ-ի տարածքով Արցախի անկախությունը։

Առաջին նախագահը երկրում տիրող հարցում մեղադրում է մտավորականությանը՝ համարելով, որ նրանք դավաճանել են ժողովրդին, երբ չեն սթափեցրել ու փոխզիջումների պատրաստել նրանց, այլ կողմ են եղել ու կանգնել են տարածքներ չհանձնելու կողքին։ Սակայն, մտավորականության հենց մտավորական հատվածը միշտ խոսել է փոխզիջումներից, բայց չի ընդունել միակողմանի զիջումները, որովհետև դրանք մեր շահերից չեն բխել։ Ի՞նչ է նշանակում լինել պետություն, բայց չունենալ «ատամներ», չունենալ նպատակ դեպի զարգացում ու նորի նվաճումներ լայն իմաստով։ Կարճ ասած, այն թեզը, թե մտավորականությունը չի խոսել ու դավաճանել է ժողովրդին, դա կատարյալ անիրական է, քանիզ համացանցում էլ հեշտ է բազմաթիվ մտավորականների խոսքը գտնել այս հարցերի առնչությամբ։

Տեր-Պետրոսյանն ասում է, որ եկեղեցին քաղաքականությունից դուրս է, սակայն օրեր առաջ եկեղեցու առաջնորդը քաղաքական հայտարարություն տարածեց։ Դա վերջին շրջանում բազմիցս է կատարվել։ Այո, ըստ սահմանադրության եկեղեցին անջատ է պետությունից, սակայն հենց ինքն է ասում, որ առանց իդեալոգիայի պետություն չի լինում, իսկ իդեալոգիան պահող ու պահպանող ինստիտուտը դա եկեղեցին է, որը, ցավալիորեն, իր առաքելությունից շեղվել ու խեղվել է եկեղեցական որոշ օդիոզ կերպարների պատճառով։

Նրա կարծիքով մենք չունենք դաշնակիցներ և չենք ունեցել։ Այնինչ տեսել ենք, թե մեզ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը և այլ երկրներ, ինչպես են աջակցում թե՛ հայտարարությունների, թե՛ գործնական մակարդակում։ Նա կարծես դիտավորյալ մոռանում է, ավելին, ասում է՝ եթե մենք զիջեինք տարածքները խաղաղության դիմաց, հարցը կքննարկվեր ՄԱԿ-ում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից ավելի բարձր մակարդակում, մոռանալով, որ հենց Մինսկի խումբը ՄԱԿ-ի կողմից ձևավորված այն մարմինն է, որը կոնֆլիկտների կարգավորման համար է ստեղծված։ Իսկ ավելի բարձր մակարդակում, պատերազմի ժամանակ, հարցը քննարկվել է ՄԱԿ անվտանգության խորհրդում, սակայն լուծման վրա Ռուսաստանը վետո է կիրառել՝ թույլ չտալով, որ խաղաղապահ զորքեր մտցնեն Արցախ ՄԱԿ-ի մանդատով։

Ըստ նրա, հիմա մենք անկարող ենք և ոչինչ չենք կարող անել՝ Արցախի հարցում հիմա Հայաստանը ոչ մի վճռական ձայն չունի։ Հարց է առաջանում, իսկ ինչպե՞ս եղավ, որ կարողացանք Արցախն ու ավել շրջաններ ազատագրել, երբ չունեինք ոչ բանակ, ոչ քաղաքական ինստիտուտներ, ոչ դիվանագիտական կորպուսներ, ոչ տնտեսություն։ Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանն անկախացավ առհասարակ։ Դրան հավատու՞մ էր ինքը, ոչ ոք չէր պատկերացնում ոչ էլ հավանական էր համարում ութսունականներին, յոթանասունականներին… Սա ևս մեկ անկարողության և առանց երազանքի ու հավատի մտածողության, թուլաթափության տարածման մասին խոսք է՝ հնչեցված նախագահի կողմից։

Ըստ նրա, ամբողջ աշխարհը ստիպելու է մեզ, որպեսզի մենք ճանաչենք Արցախը Ադրբեջանի կազմում։ Միայն մեծ երկրներն են կարողանում մտնել այլ երկրների տարածքներ գրավել ու հաստատվել։ Նախ, Ադրբեջանի ամբողջականությունը Հայաստանի բոլոր ղեկավարներն էլ ճանաչել են, որի մեջ բնականաբար ներառվել է Արցախը։ Սակայն, մեր կողմը մշտապես ասել է, որ Արցախը, այդ պարագայում նախկին ԼՂԻՄ-ը և իր բնակչությունն ունեն նույն միջազգային իրավուքնները, ինչը որ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստան և այլն, ու անկախացել է ԽՍՀՄ-ից կամ Խորհրդային Ադրբեջանից, որի հնարավորությունը տալիս էր ԽՍՀՄ սահմանադրությունը։ Այսինքն, միջազգային իրավունքի տեսանկյունից մենք միշտ ասելիք ու պնդելիք ունենք Արցախի ճանաչման հարցում ու գործում։

Նա թերահավատ է վերաբերվում Հայաստանի զարգանալուն, ռազմարդյութնաբերության զարգացմանը։ Հեգնում է նրանց, ովքեր նման մոտեցումներ են առաջարկում հանրությանը՝ ասելով, որ այս փորձանքներից հետո էլի խելքի չենք գալու և ընկնելու ենք նոր փորձանքի մեջ։ Այսինքն ևս մեկ արձանագրում է, որ առաջին նախագահը չի հավատում Հայաստանի ապագային ու քարոզում է մեր շահերին չհամապատասխանող գաղափարներ։

Նախագահն ասում է, որ պատրանք, դոգմատիկ իրականություն, ցանկալին իրականության տեղ ընդունող, ցածրորակ մտածողություն, պետականությունից գաղափար չունեցող մարդկանց խոսքեր են այն, որ ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն չեն օժանդակել մեզ մեր սահմանների ամրության հարցում, չեն աջակցել արցախյան երկրորդ պատերազմին։ Նույն կերպ է մտածում այն մարդկանց մասին, ովքեր ասում են՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրներ մեզ կօգնեն։ Ըստ նրա, դա միայն վնաս է բերելու մեզ։ Այսինքն, այն, որ Արցախի ճանաչման հարցում, Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց հստակ գործն արել են ու շարունակում են, այն, որ ֆինանսական, բարոյահոգեբանական աջակցությունն են ցույց տալիս մեր կողմին, նաև առաջարկում են սպառազինություն, որը կարող է մեզ մեր գոյության համար կռվում պետք գալ, դա վնասում է մեզ, իսկ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի մեզ չօգնելու, մեզ չսատարելու իրողությունը համարում է զառանցանք։ Ապշեցնող է ՀՀ առաջին նախագահի մտքի թռիչքը և իր հասկացած իրականությունը։

ՀԱԿ առաջնորդն ասում է, որ ոչ մի վտանգ չկա Ադրբեջանից, կա խաղաղություն, չի լինի պատերազմ, որը ապահովում է Ռուսաստանը։ Թերևս, սա ներկայի ու ապագայի մասին միակ դրական խոսքն էր նրա կեսժամանոց հարցազրույցում։ Բայց և, դրանում ոչ թե իրականությունն է ծնվում, այլ կեղծվում է իրականությունը, որում ապրում ենք, քանզի ՌԴ ներկայությամբ է Ադրբեջանական զորքը ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք ու գերեվարել մարդկանց։

Հ.Գ. Շատերը հիացած էին, որ առաջին նախագահը զգուշացրել էր պատերազմում պարտվելու մասին և լուրջ համակրանք էր ձևավորվել երկրորդ պատերազմից հետո իր խոհեմության ու հեռատեսության համար։ Սակայն, նա շատերի մոտ փոշիացրեց այդ համակրանքը, երբ առաջարկեց իր վաղեմի քաղաքական հակառակորդների հետ դաշինք կազմել, իսկ այս մոտեցումների բարձրաձայնումն էլ ավելի է խորացնում նրան շրջապատից դուրս թողողների քանակը։ Եթե նա լուռ մնար, ապա միգուցե իր խոհեմությունն ու հեռատեսությունը խորհրդավոր կերպով ընկալվեր ու շատերը գնային իր հետևից, սակայն սա հերթական անգամ բացահայտում է, որ ոչ թե իմաստության մասին է խոսքը, այլ շահերի։ Նա կոնկրետ շահեր է ներկայացնում՝ պաշտպանելով Ռուսաստանի արած ու չարած բոլոր գործողությունները, համարելով Ադրբեջանին ամենակարող և իրավատեր, իսկ Հայաստանին՝ թույլ, անկարող, անապագա ու անհեռանկար երկիր, որին ոչ ոք չի ուզում և չի կարող օգնել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ