fbpx
Իրավական

Մեղադրանք է առաջադրվել Արաքս համայնքի ղեկավարին

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Արաքս համայնքի ղեկավարը, 2016-2021 թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ունենալով հողօգտագործման բնագավառում սեփական լիազորություններ, դիտավորությամբ չի կիրառել դրանք և միջոցներ չի ձեռնարկել` համայնքին պատկանող հողամասերիի ինքնակամ զավթումը կասեցնելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ համապատասխան հանձնարարագրով կատարված ստուգումների ընթացքում պարզվել է, որ Արաքս համայնքին պատկանող թվով չորս հողատարածքներ զավթվել են, և այդ տարածքներում կատարվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի դեգրադացիա:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արաքս համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Հողամասերը զավթած անձանց, հողը փչացնելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու մասով նախաքննությունը շարունակվում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ