«Արարատ-Արմենիայի» 29-ամյա հարձակվող Իվայլո Դիմիտրովը կարիերան կշարունակի ղազախական «Ժետիսու» ակումբում:
Այս մասին հայտնում է Legal Sport ֆուտբոլային գործակալությունը:
«Հուսով ենք` այս տեղափոխությունը հաջող կլինի բոլոր կողմերի համար»,- ասվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ Transfermarkt-ի , բուլղարացի հարձակվողը 350 հազար եվրոյի դիմաց է տեղափոխվել ղազախական ակումբ:
Այդուհանդերձ, «Արարատ-Արմենիան» դեռւս պաշտոնապես չի հաստատել այս տեղափոխությունը:
Հիշեցնենք` Դիմիտրովն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր համալրել երևանյան ակումբի կազմը: Հայաստանի առաջնությունում անցկացրած 17 խաղում Դիմիտրովը 10 գոլի հեղինակ է դարձել և աշնանային հատվածի ավարտից հետո գլխավորում էր լավագույն ռմբարկուների ցանկը:
Ռմբարկուների ցանկում նրան հաջորդում է «Լոռիի» ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն` խփած 8 գոլով:
Հիշեցնենք` «Ժետիսուի» կազմում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:
Հաղորդում է armsport.am-ը։