fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ընդունել է Շվեդիայից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 23-ին ընդունել է Շվեդիայի Թագավորությունից ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում էին Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան անձինք, ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը:

Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք սկիզբ են առել Թավշա հեղափոխությունից և ազատ, արդար ու ժողովրդավարության ոգով անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո: Մասնավորապես նա մանրամասներ է ներկայացրել դատական համակարգի բարեփոխումների, անցումային արդարադատության, ընտրական համակարգի, հարկային, տնտեսական ոլորտների բարեփոխումների ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:

«Երիտասարդ ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակության հետագա զարգացումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն: Ինչ խոսք, այս ճանապարհն ավելի հեշտորեն կարող ենք անցնել միջազգային գործընկերների աջակցությամբ»,-նշել է Արարատ Միրզոյանը:

Հյուրերի խնդրանքով խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է նաև Ազգային ժողովում իրականացվող ծրագրերը՝ ուղղված խորհրդարանի, պատգամավորների, աշխատակազմի կարողությունների հզորացմանը, վերլուծական, փորձագիտական կառույցների կայացմանը:

«Մենք կարևորում ենք խորհրդարանի աշխատանքների թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հանրության լայն շերտերի ներգրավվածությունը խորհրդարանի աշխատանքներին, այդ թվում՝ օրինաստեղծ գործընթացներին»,-ընդգծել է ԱԺ նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը նշել է, որ իրենց պատվիրակությունը լավ ժամանակ է այցելել Երևան, և իր երկիրը հետաքրքրված է խորացնելու համագործակցությունն ու աջակցման ծրագրերի իրականացումը զարգացման նոր ուղի ընտրած Հայաստանի հետ: Նա կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունն ամենատարբեր ձևաչափերով` հույս հայտնելով, որ խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության այցը Ստոկհոլմ կխթանի ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների շրջանակներում գործակցության ընդլայնմանը:

Շվեդիայի զարգացման համագործակցության գործակալության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի վարչության փոխտնօրեն Քրիստինա Հարթլերը, ներկայացնելով այցի առաքելությունը, ընդգծել է, որ նպատակ ունեն ծանոթանալու մեր երկրում հաստատված նոր իրողություններին, համագործակցության այն հնարավորություններին, որոնք իրենց կազմակերպությունը կարող է իրականացնել Հայաստանում մասնավորապես ժողովրդավարության ու քաղաքացիական հասարակության ամրապնդման, տնտեսության զարգացման, խորհրդարանի կարողությունների հզորացման ուղղությամբ: Նա կարևորել է Ազգային ժողովի նախագահի այն նախաձեռնությունը, ըստ որի ստեղծվել է հարթակ` համակարգելու և ավելի նպատակային դարձնելու խորհրդարանական կառույցների գործունեության բարելավմանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների ջանքերը:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել շվեդական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ուղղությամբ կատարած քայլերի համար՝ նշելով, որ վերջինիս ամբողջական գործարկումը փոխգործակցության նոր հնարավորություններ կընձեռի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ