fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի վարչապետի հետ

Մարտի 9-11-ը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ:

Ողջունելով Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը` Սերբիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել գործընկերներին բարեկամության և Հայաստանի կողմից աջակցության համար: Անա Բրնաբիչը մեծ հետաքրքրություն է հայտնել` զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նա նշել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում կարևոր էր վիզաների ռեժիմի երկկողմ չեղարկումը և մոտ օրերս Հայաստանում Սերբիայի դեսպանության արդեն պաշտոնական բացումը:

Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները իրապես բարեկամական են և կա դեռևս չիրացված մեծ ներուժ, ինչի ուղղությամբ համատեղ ջանքեր է պետք գործադրել: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ ի հավելումն վիզաների ռեժիմի չեղարկման` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել` երկու երկրների միջև ուղիղ օդային կապ հաստատելու համար, ինչը թույլ կտա ակտիվացնել երկու ժողովուրդների միջև շփումը:

Անդրադարձ կատարելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը` ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ այն առաջին հերթին այնտեղ բնակվող հայերի ֆիզիկական անվտանգության ապահովման մասին է:

Կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև ռազմական արդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությանը:

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ պատրիարք Իրինեյի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից;

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ