Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ավստրալիայի Դաշնային և Նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին, Հյու ՄքԴերմոթին և Թրենթ Զինեմանին:

Պատվիրակության այցը կազմակերպվել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեի կողմից: Սա Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի պատգամավորների առաջին այցն է Հայաստան: Ավստրալացի պատգամավորներին ուղեկցել են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը, Ավստրալիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Իգիթյանը, Լուսինե Բադալյանը, Արսեն Միխայլովը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ մեծ ակնկալիք ունի, որ Հայաստանի և Ավստրալիայի խորհրդարանների միջև համագործակցությունը հնարավոր կլինի շեշտակիորեն ավելացնել: ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանում ուշադրությամբ են հետևում Ավստրալիայի խորհրդարանում ծավալվող գործունեությանը՝ ուղղված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, ինչպես նաև Արցախի հարցի արդարացի լուծմանը: «Մենք շատ բարձր ենք գնահատում այդ ուղղությամբ ձեր ջանքերը և երախտագիտություն ենք հայտնում»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են խաղաղ բանակցությունների գործընթացին և բոլոր միջազգային գործընկերներից ակնկալում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին սատարող դիրքորոշում:

Արարատ Միրզոյանը հյուրերին ուրախությամբ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ավստրալիայում բացել դեսպանատուն: «Կարծում եմ, որ երբ այս ծրագիրն իրականանա, սա մեծ, կարևոր պայման կլինի հարաբերությունների առավել զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

Հյուրերը կիսվել են Արցախ կատարած այցից տպավորություններով, մանրամասներ հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ կատարվող աշխատանքներից և պատրաստակամություն հայտնել աջակցելու Արցախին:

Հայաստան-Ավստրալիա բարեկամական խմբի ղեկավար Արման Բոշյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ մեր հայրենիք և դրա փոքրիկ մաս՝ Արցախ կատարած այցի համար, ինչպես նաև հայկական կազմակերպությանը՝ այցը կազմակերպելու և հյուրերին ուղեկցելու համար: Արման Բոշյանը շնորհավորել է Ջոն Ալեքսանդրին՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհած «Վաչագան Բարեպաշտ» և Հյու ՄքԴերմոթին՝ «Երախտագիտության» պետական պարգևների համար: Արման Բոշյանը նշել է, որ պատրաստվում են նոր հարթություն տեղափոխել միջխորհրդարանական համագործակցությունը ու համոզված է, որ այն ակտիվ է լինելու և ծառայելու է երկու երկրների շահերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ