fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է մեր երկրում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին:

    Խորհրդարանի ղեկավարը, կարևորելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաև իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:

    Արժևորելով Հայաստանի և Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջև առկա փոխգործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձևավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա համագործակցության աշխուժացման համար:

    Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարևորությունը:

    Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի և Բրազիլիայի միջև ջերմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա ևս կարևորել է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաև պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի խորացման գործում: Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժևորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաև նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:

    Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների և համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները և փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

    Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցության ակտիվացումը մասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտներում, ինչպես նաև ներդրումների խթանման գործում:

    Այս մասին տեղեկանում ենք ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ