ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայրը` Թբիլիսի):
Ողջունելով դեսպանին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև առկա են ջերմ բարեկամական հարաբերություններ: Դրանց հետագա խորացման ու ընդլայնման առումով Արարատ Միրզոյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության դերը: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձևավորվել է Մերձբալթյան երկրների հետ պատգամավորական բարեկամական խումբը` հույս հայտնելով, որ համանման խումբ կձևավորվի նաև Էստոնիայի օրենսդիր մարմնում:
Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` վստահություն արտահայտելով, որ այն էապես նոր որակ կհաղորդի ինչպես Եվրոպական միության հետ, այնպես էլ Հայաստան-Էստոնիա համագործակցությանը:
Արարատ Միրզոյանը խորհրդանշական է համարել, որ Կաի Կաարելսոնի Երևան ժամանումը համընկել է այն օրերի հետ, երբ հայ ժողովուրդը նշում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը, մի իրողություն, որը ճանաչվել է բազմաթիվ երկրների օրենսդիր մարմինների կողմից: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Էստոնիան ևս կհամալրի այդ երկրների շարքը:
Իր հերթին ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, պատգամավորական շփումները, փորձի և տեղեկատվական փոխանակումները:
Դեսպանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նոր հեռանկարներ կբացի երկու երկրների միջև գործակցության համար:
Կողմերն անդրադարձել են այն ուղղություններին, որոնք առաջիկայում կարող են լինել համագործակցության օրակարգում` խորհրդարանական կառավարման համակարգի փորձառություն, իշխանության մարմինների գործունեության էլեկտրոնային կառավարման եղանակ, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
«Բազմաթիվ են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները»,-նշել է Արարատ Միրզոյանը: