Խորհրդարան

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին ընդունել է մեր երկրում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:

Արարատ Միրզոյանը, ողջունելով դեսպանին, ընդգծել է երկու ժողովուրդների միջև ձևավորված բազմամյա պատմական կապերը, մշակութային առնչություններն ու դիվանագիտական հարաբերությունները: Երկկողմ կապերի զարգացման գործում խորհրդարանի ղեկավարը կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի ուրույն դերակատարությունը:

Արժևորելով խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության խորացման գործում՝ օրենսդիր մարմնի ղեկավարը նշել է, որ նորընտիր խորհրդարանի պատգամավորական բարեկամական խումբն իր զգալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:

Ազգային ժողովի նախագահը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական վավերացման գործընթացին, շնորհակալություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին փաստաթղթի վավերացման համար:

Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևան, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, փոխանցել է Բուլղարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ցվետա Կարայանչևայի` Բուլղարիա այցի հրավերը:

Դեսպանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա հարաբերությունները, ևս կարևորել է խորհրդարանների բարեկամական խմբերի համագործակցությունն ու միջազգային տարբեր կառույցներում փոխգործակցության խորացումը: Դեսպանն արձանագրել է, որ հայերն իրենց զգալի ներդրումն ունեն Բուլղարիայի կյանքի ամենատարբեր ոլորտներում:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի՝ իր երկրի կողմից վավերացմանը, դեսպանը համոզմունք է հայտնել, որ այն կխթանի Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմանը բոլոր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ բազմոլորտ համագործակցության օրակարգը, ընդգծել, որ հայ-բուլղարական փոխգործակցության զարգացման և ընդլայնման դեռևս չիրացված մեծ ներուժ կա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ