Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների մակարդակը, որի ցայտուն օրինակ է Լիտվայի խորհրդարանի խոսնակի սպասվող այցը Հայաստան: Ազգային Ժողովի նախագահը գոհունակություն է հայտնել երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքի համար:

Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Լիտվայի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացում իր երկրի մշտական աջակցության համար:

Ստանիտե-Տոլոչկիենեն գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարումը համընկել է Հայաստանի համար նման պատմական ժամանակաշրջանի հետ և ընդգծել, որ Հայաստանի ու Լիտվայի միջև ավանդաբար ձևավորված բարեկամական կապերը առանձնահատուկ դրական միջավայր են ստեղծում քաղաքական երկխոսության համար:

Դեսպանի խոսքով՝ Լիտվայում հետաքրքրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:

Նա իրենց պատրաստակամությունն է հայտնել աջակցելու այդ օրակարգին, ինչպես նաև կիսվելու փորձառությամբ վերականգնվող էներգիայի, պլաստիկի վերամշակման և այլ ոլորտներում:

Կողմերը համաձայնություն են հայտնել ակտիվացնել միջխորհրդարանական կապերն ինչպես բարեկամական խմբերի, այնպես էլ Եվրաինտեգրման հարցերով զբաղվող հանձնաժողովների մակարդակում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ