fbpx
Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ անդրադարձել է Սահմանադրական դատարանին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Այս մասին հայտնում են ԱԺ-ի մամուլի ծառայությունից: Ելույթի տեքստը ներկայացնում ենք ստորև.

«Հարգարժան տիկին նախագահ,

հարգարժան տիկին գլխավոր քարտուղար,

հարգելի գործընկերներ,

տիկնայք և պարոնայք,

ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել այստեղ՝ կազմակերպության սրահում, որ 70 տարի առաջ սկսել է համընդհանուր արժեքների վրա հիմնված հասարակություններ հաստատելու վճռականությամբ միավորված Եվրոպա ստեղծելու մի աննախադեպ, սակայն դժվարին ճամփորդություն՝ իր ուշադրության կենտրոնում ունենալով մարդուն, մարդու իրավունքները և ժողովրդավարությունը:

Օգտվելով այս հնարավորությունից՝ ես կցանկանայի կենտրոնանալ Հայաստանում վերջերս տեղի ունեցած փոփոխությունների և զարգացումների վրա: Ոչ բռնի, խաղաղ հեղափոխությունը, որն անցյալ տարի տեղի ունեցավ մեր երկրում կատարելապես ուղղված էր ունենալու ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, անկախ դատական համակարգ, ազատ և մրցակցային տնտեսություն: Հեղափոխությունը վերջ դրեց անարդարությանը, կոռուպցիային, օլիգարխիային, ընտրությունների արդյունքների կեղծման մղձավանջային շրջափուլին: Քաղաքացիների հուժկու ճնշման շնորհիվ 2018 թվականի մայիսին հակաժողովրդավարական ուժերը դուրս մղվեցին իշխանությունից: Նույն տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից գնահատվեցին որպես աննախադեպ ազատ և ժողովրդավարական, վերջնականորեն ազդարարեցին որպես ժողովրդավարական փոփոխություններ՝ պայմանավորելով գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայիս տեսքը: Այս մեկուկես տարվա ընթացքում մեզ արդեն հաջողվել է նախաձեռնել որոշ էական բարեփոխումներ քաղաքական, տնտեսական, դատական ոլորտներում՝ ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անշրջելիությունը: Սակայն դեռևս գոյություն ունեն մարտահրավերներ և վտանգներ, որոնց առերեսվում է մեր երիտասարդ ժողովրդավարությունը: Հենց դրանց մասին կցանկանայի խոսել ձեզ հետ:

Լայնամասշտաբ պայքարը կոռուպցիայի դեմ, կոռուպցիոն, ապօրինի հարստացման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների բազմաթիվ գործերի հետաքննությունները ինչ-որ պահի բնականաբար առնչվում են դատական համակարգի հետ: Դժբախտաբար, որոշ անձինք դատական համակարգում չեն վերափոխվել. ամենայն հավանականությամբ անձամբ ներգրավված լինելով կոռուպցիայի և ապօրինի հարստացման մեջ (հետաքննությունները դեռևս շարունակվում են և, չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը, թույլ տվեք չասել ավելին) և/կամ ունենալով քաղաքական շահագրգռվածություն ու քաղաքական փոխկապակցվածություն կոռումպացված և հակաժողովրդավարական ուժերի հետ՝ ամբողջովին մերժվել են Հայաստանի քաղաքացիների կողմից մեկ տարի առաջ:

Ցավալի է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը անմասն չէ այս բացասական գործընթացներից և ժողովրդի կողմից ընկալվում է որպես համակարգային անարդարության և նախորդ ռեժիմի վերջին դիրքի խորհրդանիշ: Այս մարմինը, որը կոչված է պաշտպանելու Սահմանադրությունը, ապահովելու դրա գերակայությունը և գործարկելու զսպումների և հակակշիռների մեխանիզմը, գործում է որպես քաղաքական շարժառիթներ ունեցող մի խումբ՝ շեղվելով իր սահմանադրական առաքելությունից և հետևաբար՝ վտանգ հանդիսանալով այն ընդհանուր ժողովրդավարական արժեքների համար, որ միավորում են մեզ Եվրոպայի խորհրդի հովանու ներքո:

Տիկնայք և պարոնայք, մենք, լինելով Հայաստանի ժողովրդավարական և լեգիտիմ խորհրդարան և կառավարություն, չենք կարող աչք փակել մեր երկրում օրենքի գերակայության հետընթացի և ժողովրդավարական հաստատությունների ձախողման գործընթացի վրա: Այս իրավիճակը սահմանադրական անվտանգության և կայունության նկատմամբ վերահաս սպառնալիք է, որը կարող է խարխլել Հայաստանի նոր ժողովրդավարության հիմքերը, եթե չձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Դժբախտաբար, այսպիսի իրավիճակների համար, որոնք մենք կարող ենք սովորաբար տեսնել անցումային հասարակություններում կամ երիտասարդ ժողովրդավարություններում, չկան ապացուցված լուծումներ: Որոշ դեպքերում, երիտասարդ ժողովրդավարությունները ձախողում են հաղթահարել նման մարտահրավերները՝ մնալով ծուղակում, որտեղ գրավոր ընթացակարգերի բառացի մեկնաբանությունը ստորադասվում է օրենքի ոգուն և փիլիսոփայությանը:

Այնուամենայնիվ, ես ցանկանում եմ վերահաստատել, որ այն լուծումը, որ մենք կգտնենք Հայաստանում, կլինի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ինստիտուցիոնալ արժեքների անվիճարկելի սկզբունքներին և օրենքի ոգուն համապատասխան: Քանի որ վերոնշյալները Հայաստանի հասարակության և Հայաստանի ղեկավարության առանցքային արժեքներն են, և մենք միանշանակորեն շարունակելու ենք այս արժեքների վրա հիմնված մեր ուղին:

Մեզ համար մեծ պատիվ է միավորված լինելով Եվրոպայի խորհրդի հետ՝ հիմքում ունենալով այս ընդհանուր արժեքները և մենք կպայքարենք դրանց համար երկրի ներսում, տարածաշրջանում և աշխարհում»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ