fbpx
Իրավական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:

ԱԺ նախագահն ու օմբուդսմենն ամփոփել են անցնող տարին: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ազգային ժողովի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցությունն առավել քան ստացված է 2019 թվականին: Այս համատեքստում նա խորհրդանշական է համարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հոբելյանական՝ 15-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջազգային համաժողովի անցկացումը խորհրդարանի հարկի տակ, որին մասնակցում էին մեծ թվով հյուրեր Հայաստանից և արտասահմանյան գործընկերների շրջանակից:

Արման Թաթոյանը կարևորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն ստացված է և գնալով զարգանում է: Նա շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ աջակցության ու համագործակցության համար և ընդգծել, որ ՄԻՊ 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումն առանց Ազգային ժողովի թերևս հնարավոր չէր լինի այդպիսի բարձր մակարդակով իրականացնել: Թաթոյանն ընդգծել է, որ միջազգային գործընկերները շատ տպավորվել են այդ միջոցառումից, Ազգային ժողովի և Հայաստանի քաղաքական ղեկավարության ուշադրությունից, տված ուղերձներից ու քաղաքական կամքից:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև կարևորել է օրենսդրական նախագծերի հետ կապված համատեղ աշխատանքները, առանձին պատգամավորների և խորհրդարանական հանձնաժողովների հետ համագործակցությունը, ազատությունից զրկման վայրեր պատգամավորների այցերից առաջ և հետո ինֆորմացիայի փոխանակումն ու խնդիրներով համատեղ զբաղվելը:

«Ուզում եմ մեծ երախտագիտությամբ նշել, որ մեր համատեղ աշխատանքը նպաստում է խնդիրների լուծմանը»,- ասել է Արման Թաթոյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ