Խորհրդարան

Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ԱԺ աջակցության հնարավոր ծրագրերը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների:

Հանդիպման նպատակն էր միջազգային գործընկերներին ներկայացնել Ազգային ժողովի ինստիտուցիոնալ և նյութական կարիքները, նախանշել առաջնահերթություններն ու կարծիքներ փոխանակել կարիքների հասցեագրման հնարավոր տարբերակների շուրջ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի դեսպանները, Շվեդիայի, Չեխիայի, Ֆրանսիայի գործերի հավատարմատարները, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը, ԵՄ պատվիրակության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԽ երևանյան գրասենյակի ու դիվանագիտական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:

Խորհրդարանի ղեկավարն իր բացման խոսքում նշել է, որ անձամբ հետաքրքված և ներգրավված է լինելու բոլոր միջազգային գործընկերների կողմից ներդրվող ջանքերի համակարգման գործին, ինչն իր կարծիքով հաջողության հասնելու փորձված գրավական է:

Վկայակոչելով ընտրությունների նախապատրաստման ծրագրի հաջողված փորձառությունը՝ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է ջանքերի համադրման և միասնական ծրագիր իրականացնելու համանման մոտեցում որդեգրել՝ նպատակ ունենալով իրականացվող և նախապատրաստվող ծրագրերի լավագույնս համակարգման միջոցով գրանցել ցանկալի արդյունքներ:

Միջազգային գործընկերները շնորհակալություն են հայտնել օրենսդիր մարմնի ղեկավարին նման կառուցողական և նախաձեռնողական մոտեցման համար՝ ներկայացնելով նաև այն հիմնական ծրագրերն ու ներգրավվածության այլ ձևաչափերը, որոնք հնարավոր են յուրաքանչյուր առանձին գործընկերոջ դեպքում:

ՄԱԿ Միջազգային զարգացման ծրագրի կողմից ներկայացվել է Խորհրդարանական աջակցության միասնական ծրագրի հայեցակարգը, որը մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի պատասխանատուների և միջազգային մի շարք գործընկերների սերտ համագործակցությամբ:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել հաջորդ քայլերի և ժամկետների վերաբերյալ, ինչպես նաև հանձնառություն ստանձնել փնտրելու և գտնելու ներգրավման նոր հնարավորություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ