fbpx
Արցախ

Բոլորս ձեզ հետ ենք․ Արայիկ Հարությունի կոչը լիբանանահայերին

Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանն աջակցության խոսք է հղել լիբանանահայ համայնքին:

Հիշեցնենք, որ Լիբանանի Հանրապետությունում վերջին շրջանում սկսված ներքաղաքական ճգնաժամի պատճառով տեղի հայկական համայնքը եւս հայտնվել է ծանր դրության մեջ:

Հարությունյանն այս առթիվ Facebook-ի իր էջում գրել է.

«Լիբանանահայ սիրելի՛ հայրենակիցեր

Ձերդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին

Ուշի-ուշով հետեւում ենք Լիբանանի բարեկամ հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակի սրացումներին ու, քաջատեղյակ լինելով ձեր ներքին տագնապներին, ամբողջովին կիսում ենք այդ մտահոգությունները: Համոզված եղեք, որ առավել քան այս օրերին, հայրենիքում ապրողներս եւ տարբեր գաղթօջախների աշխարհասփյուռ հայությունը ձեզ սատար է, եւ դուք մենակ չեք…

Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում հայապահպանության անառիկ ամրոց դարձած Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ ազգային, կրթական, մշակութային կազմակերպությունների շուրջ համախմբվելով՝ դուք մշտապես նեցուկ եք կանգնել համազգային նշանակության խնդիրների լուծմանը: Հատկապես անգնահատելի է ձեր ավանդն Արցախյան գոյապայքարի տարիներին, ինչպես նաեւ դրան հաջորդած խաղաղ շրջանում սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներում:

Հիացել, զարմացել եւ հպարտության մեծագույն զգացում եմ ապրել ամեն անգամ Լիբանան այցելելով եւ տեսնելով ձեր ջանքերը, ուժը, ազդեցությունն ու կենսունակությունը եւ համոզված եմ, որ միասին դեռ մեծ ծրագրեր ենք կյանքի կոչելու:

Չնայած ստեղծված ներքաղաքական ճգնաժամին՝ ուզում եմ հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, իմաստնությունը կհաղթանակի, եւ իշխանությունները, ժողովրդի հետ միասին, կկարողանան ճիշտ ելք գտնել՝ կյանքը բնականոն վիճակ վերադարձնելու եւ արտաքին բոլոր միջամտությունները չեզոքացնելու համար:

Բոլորս ձեզ հետ ենք, սիրելի՛ քույրեր ու եղբայրներ»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/439609600069752

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ