fbpx
Մշակույթ
05:00 21/11/2019

Արայիկ Հարությունյանի տեղակալը մասնակցել է մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին

Նոյեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ:

Ն. Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները հնարավորություն են ընձեռել մշակույթի և գեղարվեստական կրթության բնագավառում սկիզբ դնել բարեփոխումների՝ հիմնվելով համընդհանուր արժեքների` խաղաղության, ժողովրդավարության և մարդու հիմնարար ազատությունների վրա: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է կանանց, երիտասարդների ներգրավումը մշակութային քաղաքականության մշակման գործընթացում: Անդրադարձել է նաև «Իմ արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում հայտնի արվեստագետներն, արվեստաբաններն ու փորձագետները, այցելելով դպրոցներ, իրենց փորձն են փոխանցում դպրոցականներին` կրթելու ստեղծագործ երիտասարդություն:

«Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է նաև սահմանափակ կարողություններով անձանց ազատ ստեղծագործելու և մշակութային կյանքին մասնակցություն ունենալու հնարավորության ստեղծումը` ինչն ապահովում է բազմազանությունը, ներառականությունը և ազատությունը մշակույթի ոլորտում: Կարողությունների զարգացման նպատակով կանանց համար կազմակերպվում են աշխատաժողովներ, սեմինարներ, տոնավաճառներ և այլ միջոցառումներ` հատուկ ուշադրություն դարձնելով փախստականների, մասնավորապես` Սիրիայից հայրենիք վերադարձած կանանց համար»,- նշել է Նարինե Խաչատուրյանը` հավելելով, որ կինոարտադրության բնագավառում նաև հնարավորություն է ընձեռվում մեկտեղել մասնագետների և կինոարտադրողների հնարավորությունները, իսկ ՏՏ ոլորտում այս տարի Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխությունում հաղթել են երկու նախագիծ` Սոլակ-1 և Թումո ստեղծարար կենտրոնի սաների իրականացրած հետազոտական աշխատանքները:

Ն. Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ միջմշակութային երկխոսության միջոցով նպաստելու խաղաղությանը և ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի ձևավորմանը:

Համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը երկկողմ հանդիպում է ունեցել Հունաստանի մշակույթի և սպորտի նախարար Ստիլիանի Մանդոննի հետ՝ վերջինիս խնդրանքով: Հանդիպմանը մասնակցել են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի պետ Լենա Թերզիկյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընթացքն ու գալիք ծրագրերը: Երկուստեք ընդգծվել է հայ-հունական բարեկամության վրա հիմնված միջմշակութային երկխոսության խորացման և ընդլայնման, մշակութային ժառանգության պահպանման գործում համատեղ ջանքերի կարևորությունը` որպես հնագույն քաղաքակրթություններ ներկայացնող երկրներ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ