fbpx
Կրթություն

Արայիկ Հարությունյանը պարգևատրել է դպրոցականներին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մայիսի 21-ին տեղի է ունեցել դպրոցականների առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմների հանձնման արարողությունը: Աշակերտներին շնորհավորել և դիպլոմները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Իրականում ինձ համար մեծ պատիվ է տարբեր առարկաներից լավագույն ցուցանիշներ ունեցող աշակերտներին պարգևներ հանձնել, որովհետև այսուհետ և ընդմիշտ Հայաստանի Հանրապետությունում առաջնային են լինելու կրթությունը և գիտելիքը, հարգանք ու պատիվ են ունենալու բոլոր նրանք, ովքեր այս ուղղությամբ ունեն հաջողություն: Վստահ եմ, որ առաջիկայում լավագույն բուհեր եք ընդունվելու և էլ ավելի մեծ հաջողություններ ունենալու»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ անցած տարվանից Հայաստանի համար կարևոր է ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, և կառավարության ծրագրի այս տողը մեր լավագույն աշակերտներն են ապահովելու ու մեծ զարկ տալու տնտեսության զարգացմանը, որովհետև գնահատում են գիտելիքը, պատրաստ են սովորել, կրթվել և վերափոխվել: Արայիկ Հարությունյանը նաև շնորհավորել է աշակերտների ծնողներին, նրանց ուսուցիչներին, կրթության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ըստ նախարարի, իրենց ներդրումն են ունեցել և ապահովել են պայմաններ, որպեսզի աշակերտները պատշաճ մակարդակով ստանան լավագույն գիտելիքները:

Նշենք, որ 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 57000 սովորող: Դպրոցականների օլիմպադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնցից մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աստղագիտություն, ինֆորմատիկա և աշխարհագրություն առարկաներից մեր սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից: 16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1568 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների են արժանացել 72 աշակերտ, երկրորդ կարգի դիպլոմի` 114 և երրորդ կարգի` 201 աշակերտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ