Խորհրդարան

Կազանյան փաստաթղթով Արցախն ամբողջությամբ կհանձնվեր Ադրբեջանին․ Ենգիբարյան

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ 2011-ից քննարկված և 2016-ին բանակցված Կազանյան փաստաթղթին։

Նա մի քանի մեջբերում կատարեց փաստաթղթից։ Ենգիբարյանը նախ հիշեց այն կետը, որ տարածքների հանձնման առաջին փուլում պետք է վերադարձվեր Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Զանգելանի և Կուբաթլիի շրջանները, իսկ հետո արդեն՝ Քելբաջարի շրջանն ու Լաչինի՝ ոչ միջանցքային հատվածները։ Պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը չի համաձայնել ստորագրել փաստաթղթի տակ, բայց Սերժ Սարգսյանը համաձայնել է վերադարձնել։

Շարունակելով մեջբերումը, Ենգիբարյանը նշեց փատաթղթի այն մասը, որտեղ ասվում էր, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, իսկ դրա բնակիչները որոշակի իրավունքներ և արտոնություններ։ Ենգիբարյանի խոսքով՝ բնակիչ ասելով նկատի էր առնվում նաև ԼՂ վերադարձող ադրբեջանցիներին։

Պատգամավորը մեջբերեց նաև ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման մասը, որտեղ ասվում էր, որ Ղարաբաղի իրավական վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ-ի բնակչության ազատ կամարտահայտության միջոցով։ Ըստ Ենգիբարյանի՝ սա բառախաղ է, քանի որ Հելսինկյան եզրափակիչ ակտը վերաբերում է ժողովուրդներին ու ժողովուրդներն են ստանում ինքնորոշման իրավունք։

Ինչ վերաբերվում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Ենգիբարյանն ասաց, որ Կազանյան փաստաթղթով նման բան նույնպես նախատեսված է եղել։ Նա մեջբերեց այն հատվածը, որտեղ ասվում է, որ խրախուսվում է Ադրբեջանի անարգել ցամաքային կապն Արցախի հետ։

Պատգամավորը այս ամենից եկավ այն եզրակացության, որ եթե Ադրբեջանը ստորագրեր փաստաթուղթը, ապա Արցախն Ադրբեջանին հանձնված կլիներ ամբողջությամբ, քանի որ դրա դեպքում Արցախ էին տեղափոխվելու տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ ու վարձկան-ահաբեկիչներ տարբեր պետություններից, որոնք կարողանալու էին օգտվել իրենց իրավունքների պաշտպանությունից։ « Եվ հարց է ծագում. այնտեղ հայ կմնա՞ր, թե՞ ոչ, ես կարծում եմ՝ որ ոչ: Սա փափուկ ձևով Արցախը Ադրբեջանին հանձնելու եղանակ էր», – նշում է Ենգիբարյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ