fbpx
Արցախ

Արցախի ԱԳՆ-ի կոչը Ադրբեջանին և Թուրքիային զենք ու զինամթերք տրամադրող երկրներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․

«Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության և կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում են հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա:

Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռա-ռմբային զանգվածային հարձակումների տակ:

Խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն:

Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, ովքեր հարձակողական զենք և զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար: Մասնավորապես՝ աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը և կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաև չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը՝ Ադրբեջան և Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային և վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

https://www.facebook.com/mfankr/photos/a.576764009047497/3457344414322761/?__cft__%5B0%5D=AZWthm8ebYHuiH9X3AtfKcPzlz6gFVIg3QbBeRDnsqmjgZ4dACI8535jUeUJVvynKpnxdZWt63FDtmmooJGSkeFNUbO2NAjxTJPddIteJoxsOkL7ERagh3-TO3OloAUZdz7_ehhW5fjvAMFRVqAnLYD5MvzY5KSbxa3N0Gt0V_BqOS7Vbs720DyzvqAt6eQ62gYjm_5RgW7nrssL-ztXLfgs&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ