fbpx
Արցախ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք: Պատերազմի օրենքների և սովորույթների նմանատիպ կոպիտ խախտումը հերթական անգամ ցույց է տալիս, որ իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հետ չի կանգնելու որևէ հանցագործությունից։

Ադրբեջանը, որի գործողությունները հովանավորվում և ղեկավարվում են Թուրքիայի կողմից, ոչ միայն հրաժարվում է պահպանել մարդասիրական հրադադարը, այլև նպատակաուղղված կերպով ընդլայնում է ագրեսիայի մասշտաբներն ու աշխարհագրությունը: Մասնավորապես՝ հոկտեմբերի 14-ին ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հարվածել են Հայաստանի Հանրապետության տարածքին՝ նոր մակարդակի հասցնելով տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:

Ադրբեջանա-թուրքական կողմի հանցավոր գործողությունները պետք է արժանանան ամենախիստ դատապարտման և վճռական միջոցների` հետագայում դրանց կրկնությունը կանխելու համար: Միջազգային հանրության կողմից Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքից բխող վտանգի հետագա անտեսումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլև նրա սահմաններից դուրս:

Վերստին ընդգծում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությունը և մնալով անպատիժ, կորցրել են իրականության զգացումը և միտումնավոր կերպով տորպեդահարում են Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները՝ բռնության աճը կասեցնելու, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և տարածաշրջանում տևական ու կայուն խաղաղություն ապահովելու միակ արդյունավետ միջոցը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է»:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/posts/809086413260621?__cft__%5B0%5D=AZU3kFK837HaA_9_xn1SSq0SmH2XIL8pqD9AOFWYMr8KYX9kbriZ-eOv27jLOUEbbM6UnqdXyT1jgOGpH6n2UwaxfJdhPJ4piSNTV9Ei4pDd9z-nhY-GSh7IC-m0UCOqddIdk1SDybI3ScTilKDxEOBZodF2_BqrI8pE8Q4gK_wiY3MfqqfnvpAJZyC8F506O2Y&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ