fbpx
Արցախ

Արցախի ԱԺ-ն կոչ է անում միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ Բաքվի հայերի ջարդերին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամ՝ կոչ անելով միջազգային հանրությանը իրավական գնահատական տալ ջարդերին:

Նշվում է, որ 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած՝ էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը:

Նշվում է նաև, որ ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

«Պատմական արդարությունը վերականգնելու և իր ինքորոշման իրավունքը իրացնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Բաքվի իշխանությունները Գորբաչովի վարչախմբի թույլտվությամբ իրագործել են ծրագրված ցեղասպանություն ադրբեջանահայության նկատմամբ: Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ, հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում, պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի` 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

կոչ է անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հակահայկական քարոզչության դեմ,

վերահաստատում է, որ Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

1990-ի հունվարի 13-19-ը հայերի ջարդերի արդյունքում Բաքվում, ըստ տարբեր գնահատականների, մոտ 400 մարդ է սպանվել, 200 հազարը՝ արտաքսվել: Բաքվում զոհվածների ճշգրիտ թիվն անհնար է պարզել, քանի որ ջարդերի գործով քննություն չի անցկացվել: Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչև հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները:

1990-ի հունվարի 20-ին խորհրդային բանակի զորքերը շրջափակեցին Բաքուն երեք կողմից։ Խորհրդային պաշտպանության նախարար Դմիտրի Յազովն ասում է, որ զորքերի թիվը հասնում էր 40 հազարին։ Խորհրդային բանակը կարողացավ մեկ օրվա ընթացքում լուրջ վնասներ հասցնել Բաքվի կենտրոնախույզ իշխանություններին և վնասազերծել ադրբեջանցի ցուցարարներին։ 130-170 մարդ սպանվեց:

Դրան նախորդել էին հայերի ջարդերը Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում, սակայն զորքերը գործելու հրաման ստացան, երբ Բաքվի հայ բնակչությունը իսպառ վերացել էր և կատարվել էին մասսայական սպանություններ։

Փոխանցում է panarmenian.net-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ