fbpx
Արցախ

Արցախի ԱԺ-ում շարունակվում են Բյուջե-2020-ի հանձնաժողովային քննարկումները

Խորհրդարանում այսօր շարունակվել են 2020 թվականի պետական բյուջեի քննարկումները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին ներկայացվել է մի շարք գերատեսչությունների ֆինասավորումը:

ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի խոսքով՝ Նախագահի աշխատակազմի բյուջեի կառուցվածքը ձևավորված է համաձայն բյուջետային կազմակերպությունների ֆինանսավորման սահմանված կարգի և քիչ է տարբերվում նմանատիպ այլ կառուցվածքի բյուջեների կառուցվածքներից:

«Դրա հիմնական մասն է հանդիսանում աշխատավարձի ֆոնդը, որը կազմում է 513 միլիոն 763 հազար դրամ կամ հատկացված միջոցների 83%-ը: Մյուս մասը կազմում են այլ հոդվածները, որոնք որակվում են որպես պահպանման ծախսեր, մասնավորապես՝ էներգետիկ, կոմունալ, կապի ծառայություններ, գույք և սարքավորումներ, մեքենաների ու սարքավորումների ընթացիկ նորորգում և պահպանում, ներկայացուցչական ու գրասենյակային ծախսեր և այլն, որոնք կազմում են 105 միլիոն 465 հազար դրամ կամ ընդհանուր բյուջեի 17 %-ը: Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի բյուջեով նախատեսված ծախսերը կազմում են 619 միլիոն 225 հազար դրամ»,- նշել է Մ. Մուսայելյանը:

2020 թ.-ի պետական բյուջեով Ազգային ժողովին նախատեսված հատկացումները կկազմեն 656 միլիոն 132 հազար դրամ: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գարիկ Ժամհարյանի խոսքով՝ բյուջեի հիմնական մաս կազմող աշխատանքի վարձատրության հոդվածով նախատեսվում է հատկացնել 536 միլիոն դրամ: Ազգային ժողովի պահպանման ծախսերը, ըստ մյուս հոդվածների, գրեթե մնացել են անփոփոխ: Գ. Ժամհարյանը նշել է, որ 2020 թ.-ի բյուջեում նախատեսված հատկացումները հնարավորություն կտան ապահովելու ինչպես ներկա, այնպես էլ հաջորդ տարի ընտրություններից հետո նոր ձևավորվող խորհրդարանի բնականոն գործունեությունը:

ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պահպանման ծախսերը 2020 թ.-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված են 380 միլիոն 664 հազար դրամի չափով: ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ, աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արայիկ Լազարյանը նշել է, որ ընթացիկ տարում կառավարության գործերի կառավարչությանն ամրացված մեկ ավտոմեքենայի հաշվարկով ավելացել են ավտոմեքենայի պահպանմանն առնչվող ծախսային հոդվածները: Մնացած ծախսային հոդվածներում էական փոփոխություն չի կատարվել:

Դատական համակարգի ծախսերը 2020 թ.-ին կկազմեն 648 միլիոն 446 հազար դրամ, իսկ դատախազությանը կհատկացվի 562 միլիոն 888 հազար 900 դրամ: 2020 թ.-ի պետական բյուջեից արդարադատության նախարարությանը կհատկացվի 372 միլիոն 799 հազար դրամ:

Ըստ աղբյուրի՝ Նիստին պատգամավորների կողմից առաջադրվել են մի շարք հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ