Կառավարություն
14:00 18/12/2019

Արցախի հետ ռոումինգի սակագինը կիջնի․ հիմա բանակցում ենք․ Հակոբ Արշակյան

Այս տարի տնտեսումների հաշվին վերաբաշխումից շուրջ մեկ միլիարդ դրամ է հատկացվել հավելյալ ռազմարդյունաբերական համալիրին նոր մշակումներ և նոր ծրագրեր ունենալու համար: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ 2020 թվականի հատկացումներն ավելի քան կրկնապատկվելու են:

Հակոբ Արշակյանը, անդրադառնալով տեխնոլոգիական ընկերությունների համար պետական աջակցությանը, հայտնեց, որ այս տարի շուրջ 230 նորաստեղծ ընկերություններ են դիմել և ընդհանուր առմամբ, շուրջ 1200 նոր աշխատատեղ են ստեղծել: «Ուշագրավ է, որ մենք ունենք սփյուռքից դիմածների մեծ թիվ՝ շուրջ 15-20 տոկոս, այսինքն՝ շուրջ 45 ընկերություն բացվել է սփյուռքահայերի կողմից, սա նշանակում է, որ մենք տաղանդի ներհոսք ունենք»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ թեև երկար ձգվեց, բայց 2020 թվականին զարգացումներ կլինեն ինժեներական քաղաքի ուղղությամբ:

Անդրադառնալով Արցախի հետ կապի՝ ռոումինգի բարձր սակագնի խնդրին, Հակոբ Արշակյանն ասաց, որ նախարարության ստեղծումից անմիջապես հետո զբաղվել են այդ հարցով: «Արդեն ունենք շոշափելի փոփոխություններ, մասնավորապես, «Յուքոմի» ցանցում ելքային զանգերի դեպքում՝ 15 տոկոսի նվազում, մուտքային զանգերի դեպքում՝ 44 տոկոսի նվազում և միասնական 38 դրամ ելք և 25 դրամ մուտք րոպե սակագինն է, իսկ հուլիսին այդ թվերը շատ կիջնեն, հիմա բանակցում ենք»,-ասաց նա և հիշեցրեց, որ Արցախի կառավարությունը մենաշնորհի արտոնություն է տվել մեկ օպերատորի, և 2020 թվականին կվերջանա այդ պայմանավորվածության ժամկետը:

Հակոբ Արշակյանը անդրադարձավ «Youtube գործընկերների ծրագրին», որը թույլ է տալիս գումար գեներացնել, բայց Հայաստանն ընդգրկված չէ դրա մեջ: Նախարարն ասաց, որ այդ ուղղությամբ երեք ճակատով աշխատում են, առաջինը՝ պաշտոնական խողովակներն են, երկրորդը՝ Google-ում և Youtube-ում աշխատող հայերի խումբը և երրորդը սփյուռքահայերի դրսի խումբն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ