Քաղաքականություն

Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին․ Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին.

Հարց 1. Ինչո՞ւ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ օգնության խնդրանքով:

– Այս հարցը չի առաջանա այն մարդկանց մոտ, ովքեր պատերազմի 27 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում ականատես եղած լինեն մարտերին ու տեսած լինեն թշնամու դեմքը: Իսկ մեր թշնամին մեկ դեմք չունի՝ ադրբեջանցի, թուրք, ահաբեկիչ, այլ դեմքեր ևս, որոնք դեռ ճշգրտման կարիք ունեն: Հայկական բանակը փաստացի կռվում է երկու պետության և աշխարհը տակնուվրա արած ահաբեկչական խմբավորումների դեմ:

Այդպիսի պայմաններում հայ զինվորը հերոս է բոլոր առումներով, բայց թանկ է մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը, և նորմալ է, որ քաղաքական ղեկավարությունը աջակցություն է ակնկալում դաշնակից երկրից:

Հարց 2. Ինչո՞ւ ենք հիմա դիմում աջակցության համար, եթե հնարավոր էր ավելի վաղ:

– Դիվանագիտությանը մարդիկ հաճախ նայում են կենցաղային հարաբերությունների մակարդակով՝ զանգեցինք ՌԴ նախագահին, նա էլ որոշեց օգնել կամ չօգնել: Այդպես չէ: Համաշխարհային քաղաքականությունը շատ ավելի խորն ու բազմակողմանի է, քան մեր առօրյա կյանքում ընկերների ու հարևանների հետ շփումները: Հայաստանի (Արցախը Հայաստան է) և Ռուսաստանի կուլիսային շփումները և բանակցությունները երբեք չեն դադարել, այլ հարց է, որ յուրաքանչյուր պետություն, հատկապես մեծ պետություն իր շահերն ունի, և նրան ժամանակ է պետք կողմնորոշվելու և վերջնական որոշումներ կայացնելու համար: Ռուսաստանը մեր բարեկամն է, բայց քաղաքականության մեջ կան շահեր անգամ դաշնակցային հարաբերություններում:

Հարց 3. Ինչո՞ւ այսքան կորուստ ունեցանք, եթե պիտի ռուսների աջակցությամբ լուծենք հարցը:

– Հայկական կողմի զոհերը մեր պետականության համար են: Եթե նրանք չզոհվեին, թշնամին կարող էր լինել նաև Երևանի մատույցներում: Ոչ մի բարեկամ երկիր մեզնից ավելի շատ չի մտահոգվում մեզ համար, հետևաբար հայ զինվորը սահմանին կանգնած է մեզ համար, հայ ժողովրդի համար: Վաղը, եթե խաղաղապահներ գան, կրկին հայ զինվորն է լինելու Հայաստանի (Արցախը Հայաստան է) անվտանգության երաշխավորը:

Հարց 4. Ե՞րբ կգան խաղաղապահները կամ ռուսական աջակցությունը.

– Ոչ ոք չի կարող ասել, որ նրանք կգան կամ թե երբ կգան: Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դեմ հայկական բանակի պատերազմը շարունակվում է, և որքան շատ է հայ զինվորը ոչնչացնում թշնամուն, այնքան ամրանում են մեր դիրքերը հնարավոր խաղաղապահների կամ այլ բանակցությունների ֆոնին: Ռուս խաղաղապահների գալ-չգալու մասին որոշումը կարող է կայացվել շաբաթների, ընդհուպ ամիսների ընթացքում, հետևաբար մենք պետք է կարողանանք հնարավորինս ամուր պահել մեր սահմանները, ազատագրել այն հատվածները, որտեղ հիմա ներխուժել է թշնամին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ