fbpx
Արցախ

20:00 12/10/2019

Արցախի նախագահը մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Գյուղատնտեսության ներկան և ապագան» կոնֆերանսի ամփոփիչ նիստին:

Իր ելույթում Նախագահը նշել է, որ կոնֆերանսում քննարկվող թեմաները հետաքրքիր են ու պահանջված և առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հանրապետության սոցիալ-տնտեսական օրակարգում:

«Գյուղատնտեսությունն Արցախի տնտեսության ավանդական ճյուղերից է և այսուհետ էլ կմնա մեր հանրապետության տնտեսական համակարգի հիմնասյուներից մեկը: Այս ոլորտը գտնվում է պետության մշտական ուշադրության կենտրոնում: Մենք շահագրգռված ենք, որ Արցախի գյուղատնտեսությունը լինի ճկուն, մրցունակ, լայնորեն օգտագործի տարբեր երկրների առաջատար փորձը և ժամանակակից տեխնոլոգիաները, բնական է, հաշվի առնելով մեր տեղական յուրահատկությունները: Եվ այս տեսակետից նման միջոցառումների անցկացումն Արցախում պահանջված է»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության Նախագահը:

Երկրի ղեկավարը գյուղատնտեսության բնագավառում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ «Անանիա Շիրակացի» և «Երախտագիտություն» մեդալներով պարգևատրել է Արցախի և Հայաստանի Հանրապետության կառավարական, գիտակրթական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչների:

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։

Վերեվ