fbpx
Արցախ
12:30 22/03/2020

Արցախի ընտրությունների հարցում մենք սայթաքելու և սխալվելու իրավունք չունենք․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԵՎ Ի՞ՆՉ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ԱՅՆՏԵՂ․

Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Այս ընտրություններն իրենց բովանդակությամբ ու առանձնահատկությամբ տարբերվում են Արցախում կայացած նախորդ նախագահական ընտրություններից՝ հետևյալ չորս պատճառներով.

1. Լրանում է գործող նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ժամկետը, և նա հեռանում է, ինչը նշանակում է, որ ցանկացած արդյունքի դեպքում Արցախում ձևավորվելու է սկբունքորեն քաղաքական նոր էլիտա:
2. 2018թ. Հայաստանում տեղի ունեցած գլոբալ քաղաքական փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունեցել նաև Արցախի հասարակական-քաղաքական տրամադրությունների վրա, որի արդյունքում Արցախում ֆորմալ առումով ապահովված է մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, և այս պահին ընտրությունների ելքը կանխորոշված չէ ակնհայտ ֆավորիտ չլինելու պատճառով:
3. Ընտրությունների ելքը կանխորոշվելու է ժողովրդի կամաարտահայտության արդյունքում, և Արցախի հաջորդ նախագահն օժտված է լինելու լեգետիմության բարձր մակարդակով՝ ձերբազատված լինելով որևէ մեկի դրածո լինելու խարանը կրելուց:
4. Արցախում 2017թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո նախագահական ինստիտուտն էապես ուժեղացել է, և նորընտիր նախագահն օժտված է լինելու առավել ազդեցիկ ու լայն լիազորություններով:

Մի առիթով նշել էի, որ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական էլիտաների պատկերացումները մի շարք առանցքային և համազգային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ էապես տարբեր են:
Նրանք տարբեր պատկերացում ունեն պատերազմի և խաղաղության մասին, Արցախի հակամարտության կարգավորման հնարավորությունների և հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանում Հայաստանի ռազմաքաղաքական դասավորվածության ու դերի վերաբերյալ:

Եվ այդ տարբերությունը բնական է: Հայաստանում իշխանության է եկել մի վերնախավ, որն օբյեկտիվորեն չի մասնակցել Արցախյան պատերազմին:

Այդ վերնախավի հիմքում կանգնած չէ զինվորական էլիտան, և այդ վերնախավն ունի իր ուրույն պատկերացումները իշխանության, հասարակության, պետության, ինչպես նաև բանակի մասին:
Ճիշտ հակառակ պատկերն է Արցախում: Արցախի ռազմաքաղաքական էլիտան հիմնականում անցել է պատերազմի միջով:

Այդ էլիտայի կորիզը կազմում են մարտական գեներալները, ովքեր պատերազմի ժամանակ վճռորոշ դերակատարություն են ունեցել պատերազմի հաղթական արդյունքի արձանագրման գործում:
Այդ գեներալներից ոմանք ներկայումս շարունակում են ազդեցիկ դերակատարություն ունենալ Արցախի քաղաքական գործընթացներում:

Թե ինչպիսի ընտրություն կանեն Արցախի մեր հայրենակիցները, պարզ կլինի ընտրություններից հետո:
Այդուհանդերձ, էական նշանակություն է ունենալու այն հանգամանքը, թե արդյո՞ք առաջիկա տարիների ընթացքում զինվորական էլիտան կշարունակի վճռորոշ դերակատարություն ունենալ Արցախի կառավարման գործընթացում, թե՞, այնուամենայնիվ, Արցախում իշխանության կգան մարդիկ, որոնց պատկերացումներն այլ կլինեն և կտարբերվեն ռազմական էլիտայի պատկերացումներից: Կապրե՛նք, կտեսնենք:

Սրանով հանդերձ, հարկ եմ համարում մեկ անգամ ևս արձանագրել որ Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները մեր բոլորիս արժանապատվության, պատվախնդրության և միջազգային հեղինակության պահպանման փորձությունն է և մենք պարտավոր ենք այն պատվով հաղթահարել:

Այս հարցում մենք սայթաքելու և սխալվելու իրավունք չունենք»:

Ո՞Վ ԿՀԱՂԹԻ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, ԵՎ Ի՞ՆՉ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ…

Geplaatst door Norayr Norikyan op Zaterdag 21 maart 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ