fbpx
Առողջապահություն

Նախորդ տարի Արցախում գրանցվել է քաղցկեղի 260 նոր դեպք

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Օրվա խորհուրդն է ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը բևեռել չարորակ նորագոյացությունների դեմ պայքարին` կարևորելով հիվանդության կանխարգելումը, շարունակական հսկողությունը և բուժումը, հայտնում են Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

2020 թվականի ընթացքում Արցախի Հանրապետությունում գրանցվել է 260 քաղցկեղի նոր հայտնաբերված դեպք:

Ամեն տարի 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի մեկ-երրորդը հնարավոր է կանխարգելել, մի մասն էլ բուժել՝ վաղ փուլերում ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպման շնորհիվ։

Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։

Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը։

Քաղցկեղի առաջացման ռիսկը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է`

չծխել և արգելել Ձեր և Ձեր հարազատների կողքին ծխելը,
լինել ֆիզիկապես ակտիվ,
պահպանել առողջ սննդակարգ` սահմանափակելով ալկոհոլի, վերամշակված մթերքի և աղի օգտագործումը,
խուսափել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից,
կանխարգելիչ նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ ցանկացած նորագոյացության հայտնաբերման դեպքում` անհապաղ այցելել բժշկի,
մասնակցել սկրինինգային հետազոտություններին
Քաղցկեղով հիվանդները և նրանց ընտանիքները պետք է ակտիվորեն մասնակցեն բուժմանը վերաբերվող որոշումներին, պետք է հաշվի առնվեն նրանց անձնական կարիքները և նախընտրությունները։ Քաղցկեղով ապրող անհատի համար հոգեբանական աջակցությունը, ջերմ հարաբերությունները ընտանիքի, ընկերների, զուգընկերոջ հետ կարող է զգալիորեն փոխել նրանց կյանքի որակը։

Հաշվի առնելով այս ամենը՝ քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթման միջոցով։ Միասին մենք կարող ենք անել ավելին: Քաղցկեղը դատավճիռ չէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ