Կովսականից, Դիզմայրիից, Նոր Կարաչինարից պետական պաշտոն չզբաղեցնող մարդիկ իրենց մեքենաներով հարյուրավոր կիլոմետրեր կտրել, եկել ու մասնակցել են հանրահավաքին, ստիպողաբար չեն եկել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, թե երեկ Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած հանրահավաքին «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից մարդիկ ստիպողաբար էին բերվել Վերածննդի հրապարակ։
«Արցախում ստիպողաբար ոչ մի բան չի լինում, պետական որևէ կառույց ցույց տվեք, որը հայտարարել է, որ մասնակցեն հանրահավաքին, այդպիսին բան չի եղել։ Այո, հիմնական կազմակերպիչը եղել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը, կարդում եմ՝ գրում են 1000 մարդ էլ չի բերել, այսօր ցույց կտանք՝ քանի շարասյուն է մտել Ստեփանակերտ՝ «Ազատ հայրենիքի» դրոշներով, վանկարկելով «Ազատ հայրենիք», Հայաստան-Արցախ։ Կոնկրետ այսօր հայտարարում եմ՝ 10 հազարից ավելի մարդ միայն «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից կազմակերպված շրջաններից եկել են Ստեփանակերտ։ Ցուցակները կարող ենք տալ, գնաք և հարցնեք, թե ում են ստիպել, որտեղ են ասել՝ աշխատանքից կազատենք, կարող է մի փոքր պաշտոնյա կամ բրիգադիր իր աշխատակիցներին ասել է այդպիսի բան՝ արջի ծառայություն մատուցելու համար, սակայն պետական համակարգը չի մասնակցել այս հանրահավաքին»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց բենզինի կտրոններ են բաժանվել, Արայիկ Հարությունյանն արձագանքեց․ «Նախնական երբ պլանավորում էինք, 7000-ի շրջանակներում էր, հայտերն այնքան շատ էին, ցանկացողներն այնքան շատ էին, մեքենաներ եթե լինեին, 15 հազարից ավելի շատ մարդ կգար հանրահավաքին։ Ինչ վերաբերում է բենզինի կտրոններին, ապա երբ կազմակերպում են այդպիսի հանրահավաք, պետք է ապահովեն համապատասխան վառելիքով, ոչ բոլորին, քանի որ շատերն իրենց մեքենաներով են եկել, բայց եթե ապահովել ենք ավտոբուսով, վառելիքը պետք է ապահովեինք»։
Նա ափսոսանք հայտնեց, որ մարդկանց չեն կարողացել սնունդով ապահովել, թեկուզ փոքր բուտերբրոտով։