fbpx
Արցախ

Արցախում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կկրեն նոր համազգեստ

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել է, որ այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ:

«Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով:

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, նոր համազգեստի հետ կապված լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները:

Նախարարի խոսքերով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Արցախի կլիմայական պայմանների հետ կապված խնդիրները:

ՆԳՆ համակարգում բարեփոխումների մաս են կազմում ոչ միայն դինամիկ արտաքին ծառայության իրականացումը, այլև ներքին կարգ ու կանոնի ճիշտ պահպանումը:

Մայիսին ոստիկանության ՊՊԾ գումարտակը համալրվեց կապի, հեռահաղորդակցության և տեխնիկական նոր միջոցներով: Բարեփոխումները սկսվել են առաջնահերթ ՆԳՆ այն ստորաբաժանումներից, որոնք առավել շատ են առնչվում քաղաքացիների հետ։

Ոստիկանության համակարգում ստեղծվում է նոր միջավայր:

Առաջնահերթությունը տրվում է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով օժտված ծառայողներին, որոնց շնորհիվ հանրապետության տարածքում այսօր ունենք պատշաճ պարեկային ծառայություն, դե իսկ համազգեստի ճիշտ կրումը՝ դրա կարևոր նախապայմաններից է:

Նախարարը զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել առօրյա խնդիրներով, տվել հանձնարարականներ ու ցուցումներ: Կարեն Սարգսյանի խոսքերով՝ պետք է քաղաքացիների հանդեպ ավելի հոգատար ու սրտացավ մոտեցում ցուցաբերել, ամենակարևորը՝ ճիշտ վերաբերմունքն է, որի շնորհիվ կփոխվի ոստիկանության հանրային ընկալումը:

Նշենք, որ համազգեստից բացի, բարեփոխումներ են նախատեսվում Ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բոլոր ստորաբաժանումներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ