fbpx
Արցախ

Արցախի պետնախարարի մոտ քննարկվել է վարկային պարտավորությունների հետ կապված աջակցության ծրագիրը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 28-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու 2020թ. պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի ընթացքը:

Իր խոսքում պետական նախարարն ընդգծել է, որ մարտ ամսին կառավարության կողմից հաստատված ծրագիրը կյանքի կոչելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամում ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ծավալուն աշխատանք է կատարվել:

«Ըստ նախնական հաշվարկների՝ ծրագիրը տարածվում է ավելի քան 100 000 վարկային պարտավորությունների վրա, ինչը ծավալների առումով աննախադեպ է ԱՀ պատմության մեջ: Քաղաքացիների կողմից արդեն ներկայացվել է մոտ 43 400 դիմում, որից 35 870-ն ընթացքավորվել է, շուրջ 1400-ը՝ մերժվել է, իսկ 6000 դիմումից ավելին տեխնիկական սխալների պատճառով վերաներկայացման կարիք ունի: Այժմ անհրաժեշտություն կա համատեղ քննարկելու վերհանված խնդիրները և համապատասխան լուծումներով բարձրացնելու ծրագրի արդյունավետության, արդարացիության ու հասցեականության մակարդակը»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որը վերաբերում էր ծրագրի կիրառման փուլում առաջացած թե՛ տեխնիկական-կազմակերպական, թե՛ բովանդակային բնույթի տարբեր հարցերի: Քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ լուծումների առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն ԱՀ կառավարության հաստատմանը:
Խորհրդակցությանը մասնակցում էին գործադիր ու օրենսդիր իշխանությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ծրագրի իրականացումն ապահովող գերատեսչությունների ղեկավարներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ