Արցախ

Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

«33 տարի հետո էլ ոչինչ չի փոխվել. Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունը, շարունակում է՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլորն նորմերն ու սկզբունքները, ոտնահարելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները։

Տասնակյակներ առաջ ժողովրդավարության ուղին բռնած Արցախն այսօր՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, լի է անսասան վճռականությամբ ու հաստատակամությամբ՝ պաշտպանելու իր քաղաքացիների շահերը, հայրենի հողի վրա ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հայ ժողովրդի անքակտելի իրավունքը:

Մենք տերն ենք մեր պատմության, որը լի է վայրիվերումներով, կորուստներով ու ձեռքբերումներով, տերն ենք մեր հիշողության, հզոր ու լուսավոր ապագայի»,- Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ