Արցախ

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

Սումգայիթյան ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին:
Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:

Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում:

Խոնարհվում ենք Ադրբեջանի զանգվածային հանցագործությունների և մարդատյաց քաղաքանության անմեղ զոհերի հիշատակի առաջ և կոչ ենք անում միջազգային հանրությանը գործուն քայլեր ձեռնարկել՝ պարտադրելու Ադրբեջանի իշխանություններին հրաժարվել հանցավոր քաղաքականությունից և նախապայմաններ ստեղծել տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հաստատման համար»,-ասվում է Արցախի Հանրապետության ԱԳ նախարարության հայտարարությունում :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ