Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստը:
Նիստի օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր, որը կառավարության անդամներին է ներկայացրել ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ նախագիծը մշակվել է ի կատարումն Արցախի նախագահի 2020-2025 թվականների ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի՝ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100 մլն դրամով՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով:
Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի պետական բյուջեն, ըստ նախագահի տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:
Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը:
Այնուհետև նախագահ Հարությունյանը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար»,- նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։