Առողջապահություն

Արցախյան պատերազմում զոհվածների մասին տվյալները թափանցիկ կերպով են ներկայացվում․ ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ բոլոր տվյալները: Այս հարցի շուրջ բողոքի ակցիա են իրականացնում պատերազմում անհետ կորածների հարազատները, որոնք երկկողմանի փակել էին Երևանի Հերացու փողոցը: Նրանք պնդում էին, որ իրենց երեխաների աճյուններն այսքան ժամանակ պահվել են սառնարաններում և իրական տվյալները չեն ներկայացվել:

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը մշտապես թափանցիկ կերպով ներկայացրել է բոլոր տվյալները և՛ հարազատներին, և՛ զանգվածային լրատվամիջոցներին:

«Հաշվի առնելով 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներից ոմանց դժգոհությունը ու մայրաքաղաքի փողոցներից մեկը փակելու հանգամանքը` առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կենտրոնն աշխատել է 24/7 ձևաչափով և մշտապես կապի մեջ է եղել ծնողների ու հարազատների հետ: Այսօր էլ, լրացուցիչ տեղեկատվությունը պարզելու և հարցերին պատասխանելու համար ՊՈԱԿ-ի ղեկավարությունը հանդիպել է ծնողների հետ, ընդունել բոլորին և պատասխանել նրանց հարցերին: Շրջանառված ապատեղեկատվությունը հերքելու համար, նախնական պայմանավորվածության համաձայն, ՊՈԱԿ-ի տնօրինությունը զոհվածների հարազատներին է տրամադրել առկա ստույգ փաստերը: Սակայն չսպասելով դրան, նրանք դիմել են փողոց փակելու տարբերակին»,- նշում են ՀՀ ԱՆ-ից:

Գերատեսչությունից նաև ընդգծում են, որ ցանկության դեպքում, հարազատները հնարավորություն են ունեցել այցելել ցանկացած դիահերձարան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ