Իրավական

Արդարադատության նախարարության 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվություն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՈԼՈՐՏ

2019 թ-ի ապրիլի մեկի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվել է 2 հազար 287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018թ-ի նույն ժամանակահատվածից: Նրանցից 985-ը կալանավորված անձ է, 1302-ը՝ դատապարտյալ: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիր չկա:

Նույնականացման քարտեր և անձնագրեր են տրամադրվել 45 կալանավորված և դատապարյալ անձի:
281 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում: Այն իրականացվել է Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման միջոցառումներ իրականացնելու նպատակով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ համատեղ:

Իրացվել է 89 դատապարտյալի կրթական իրավունք, այդ թվում՝ 22 հանրակրթական, մասնագիտական՝ 63, բարձրագույն և հետբուհական՝ 4:

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց կենցաղային պայմաններն ապահովելու նպատակով կատարվել են հետևյալ աշխատանքները`

2019 թ-ի հունվարի մեկին սկսվել են «Նուբարաշեն»-ի ներքին կոյուղու ցանցի, արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների, խոհանոցի, ներքին և արտաքին էլեկտրահամակարգի կապիտալ շինարարական աշխատանքների և էլեկտրական ենթակայանի վերանորոգման աշխատանքները:
Սկսվել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի արտաքին կոյուղու ցանցի և 143 մ երկարությամբ պարսպի կապիտալ շինարարական աշխատանքները:

«Դատապարտյալների հիվանդանոցում» իրականացվել է ներքին ջրամատակարարման ցանցի ընթացիկ վերանորոգում:

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է ոլորտի բարեփոխմանն ուղղված փաթեթ, որի վերջնական ընդունման արդյունքում կունենանք հետևյալը.

1) Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկներում տեղաբաշխելու գործընթացում հաշվի կառնվի նաև այն հանգամանքը, թե տվյալ հիմնարկում պատիժ կրելու դեպքում արդյո՞ք երաշխավորվում է նաև դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ կապը:

2) Արտաքին աշխարհի հետ հաղորդակցման իրավունքի երաշխավորման նպատակով կալանավորված անձանց բացի կարճատև տեսակցությունից, կտրամադրվեն նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ՝ մինչև 3 օր տևողությամբ: Ընդ որում՝ կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:

3) Այս իրավունքի իրացման համատեքստում Նախագծով առաջարկում ենք վերացնել նաև կարճատև մեկնում չտրամադրելը միայն անձի կատարած հանցագործության ծանրության աստիճանի հետ կապելու օրենսդրական կանոնը: Այլ խոսքով՝ անկախ նրանից անձի մոտ առկա է օրինակ՝ վտանգավոր ռեցիդիվ, թե ոչ, նրան կարող է տրամադրվել կարճատև մեկնում:

4) Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալին կարճաժամկետ մեկնում տրամադրելու հնարավորությունը չկապել միայն հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունենալու հետ, այլ նշված նպատակով կարճաժամկետ մեկնում տրամադրել այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում:

5)Կվերացվի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից անջատ պահելու օրենսդրական կանոնը՝ բարձրացնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացի արդյունավետությունը: Միաժամանակ, նախատեսվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձի խնդրանքով կամ նրա կամ նրա խցակիցների անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում:

6)Կհստակեցվի ազատազրկման դատապարտված կամ կալանավորված անձի նույնականացման քարտ կամ ժամանակավոր վկայական ստանալու իրավունքը՝ միաժամանակ նախատեսելով, որ կարճատև մեկնում ստացած անձինք այս իրավունքը կարող են իրացնել ընդհանուր հիմունքներով, իսկ ազատությունից զրկելու վայրում գտնվելու դեպքում՝ քրեակատարողական հիմնարկի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով:

Հաջորդ կարևոր բարեփոխումն ուղղված է ձերբակալված, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների առողջության պահպանմանը: Նրանք ևս կօգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից:

2019թ. առաջին եռամսյակի ընթացքում ՔԿՀ-ներից ազատվել է 339 անձ, որից՝

պայմանական վաղաժամկետ՝ 41 անձ,
հիվանդության պատճառով՝ 2 անձ,
համաներումով՝ 59 դատապարտյալ,

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բռնագանձվել է 7 մլրդ 298 մլն 489 հազար 526 դրամ, որը 29,32 %-ով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ընթացքի մեջ են աշխատանքները Սոցիալական ապահովության ծառայության հետ, որով կբացառվի պարտապանի կենսաթոշակի կամ այլ նպաստների վրա օրենքին հակասող կարգով բռնագանձում տարածելը:

«Ամերիաբանկ»-ի հետ կնքած համաձայնագով հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասնակիցների կողմից քարտով վճարման դեպքում Բանկը իր ծառայությունների դիմաց միջնորդավճար չի գանձելու:

Իրականացվել է Ծառայության էլեկտրոնային վարույթների համակարգի և Ճանապարհային ոստիկանության միջև հաղորդագրությունների փոխանակման պրոտոկոլի փոփոխություն, որի շնորհիվ պարտադիր դաշտ է սահմանվել պարտապանի ծանուցումը վկայող փաստաթղթի առցանց հասանելի հղումը:

Հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների օրենսդրական փաթեթով նախատեսել ենք հետևյալը.
Ներկայում, երբ պարտատերերը կատարողական թերթ տալու դիմում են ներկայացնում դատարան, դատարանները իրենց գրությամբ մերժում են կատարողական թերթի տրամադրումը, սակայն անձինք հնարավորություն չեն ունենում բողոքարկելու դատարանի նման գրությունները: Այս խնդրի լուծման նպատակով սահմանվել են կատարողական թերթ տալու դիմումը մերժելու վերաբերյալ կարգավորումներ և նախատեսվել է, որ կատարողական թերթ տալու դիմումի մերժումը ենթակա է բողոքարկման:

2. Սահմանվել է կատարողական թերթ տրամադրելու գործընթացում դատական ակտի կամովին կատարմանը նպաստող մեխանիզմ, ըստ որի՝ քաղաքացին ևս մեկ անգամ հնարավորություն կունենա ակտը առանց հարկադիր կատարողի միջամտության կատարի և չկրի կատարողական ծախսերի բեռը:

3. Վերանայվել են ծանուցման վերաբերյալ կարգավորումները, որոնցով առաջնությունը հիմնականում տրվել է էլեկտրոնային ծանուցմանը: Դրանով նախատեսվում է կրճատել փոստային առաքումների վրա ծախսվող գումարները և ծանուցումները դարձնել առավել արագ և արդյունավետ:

4. Սահմանվել են կարգավորումներ, ըստ որի՝ եթե պարտապանը մասնակի կատարում է իր պարտավորությունը կամ եթե արգելանքը ակնհայտ չի համապատասխանում անձի պարտավորության չափին, ապա հարկադիր կատարողը համապատասխան չափով հանում է արգելանքը: Այսինքն՝ վերջապես ստեղծվում են այն իրավական հիմքերը, որոնք թույլ կտան վերացնել մեր քաղաքացիներին պատճառվող անհարկի անհարմարությունները:

ՆԵՐՄԱՆ ՈԼՈՐՏ

2019 թվականի առաջին եռամսյակում Արդարադատության նախարարություն է ներկայացվել 34 ներման խնդրագիր, կազմվել և Վարչապետին է ներկայացվել 49 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Միաժամանակ, Նախարարության կողմից Վարչապետին է ներկայացվել ներում շնորհելու առաջարկության վերաբերյալ Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի 47 խորհրդատվական եզրակացություն:

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Դատավորների կողմից թույլ տրված կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող խախտումների հայտնաբերման արդյունքում դատավորների նկատմամբ հարուցվել են 8 կարգապահական վարույթներ, որոնցից՝ 4 կարգապահական վարույթները կարճվել են արդարադատության նախարարի կողմից, 2-ով՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն է ներկայացվել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, իսկ 2-ը՝ գտնվում են ընթացիկ փուլում: 2018թ-ին հարուցված 1 կարգապահական վարույթով 2019թ-ին կայացվել է կարճման որոշում:

Վերադասության կարգով իրականացվել են 6 վարչական վարույթներ, որոնցից՝ 4-ը Իիրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, 1-ը՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում և 1-ը՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններում կայացված ակտերի վերաբերյալ: Արդյունքում, 6 վարչական բողոքները բավարարվել են:

Ծառայության կողմից իրականացվել է 1 նոտարի տարեկան գործունեության ընդհանուր ստուգում, որի արդյունքում արդարադատության նախարարի հրամանով նոտարի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «խիստ նկատողություն:

ՀՀ ԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ծառայությունում 2019թ-ի առաջին եռամսյակի ընթացքում հաշվառվել է 2473 շահառու, որից 200-ը կանայք են, 25-ը անչափահաս, իսկ 15-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 130 շահառու մասնակցել է վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրելու ծրագրերին։

Համաներման օրենքը կիրառվել է 2 հազար 655 շահառուի նկատմամբ, որից 943-ը 2019թ-ի առաջին եռամսյակի ընթացքում։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ իրականացվել են՝

e-court.am դատարանների միասնական էլեկտրոնային հարթակի ներդրման աշխատանքներ։ Հարթակի ներդրման արդյունքում կպարզեցվի քաղաքացիական դատավարությունը, կնվազի տվյալների կորստի ռիսկը, ինչպես նաև տվյալ համակարգը կապահովի արդարադատության հասանելիությունը և մատչելիությունը:

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների ցանկն է ընդլայնվել: Կառավարության որոշմամբ պետական ծառայություններ մատուցող տասն օպերատորներին միացել են նաև 40 համայնքապետարաններ՝ Հայաստանի ողջ տարածքում դրանց թիվը դարձնելով 50-ը: Այդ համայնքներից են՝ Սյունիքի Տեղ համայնքը, Շիրակից Պեմզաշենը, Տավուշի Բերդ ու Կողբ համայնքները, Լոռու մարզի Օձուն և Ախթալա համայնքները և այլն: Սա նշանակում է, որ 67 պետական ծառայություններից ցանկացածը ստանալու համար այլևս մայրաքաղաք, մասնավորապես՝ պետական մարմիններ այցելելու անհրաժեշտություն չի լինի: Դրանք մոտ կլինեն քաղաքացիներին, կլինեն հենց համայնքներում: Կառավարության որոշմամբ ծրագրին միացած այս համայնքներն իրենց ստանձնած գործառույթները կսկսեն իրականացնել փուլ առ փուլ, և մինչև 2020 թվականի ավարտն այն ամբողջապես ներդրված կլինի 40 համայնքներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ