Խորհրդարան

Առերեսվեցինք կլանային մտածողության հետ․ ԼՀԿ-ն հայտարարություն է տարածել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 108-րդ հոդվածի համաձայն՝ 2019թ. դեկտեմբերի 05-ին Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ¼-ի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով Ազգային ժողովում ստեղծվել է 2018թ. սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին Ազգային ժողովի նախագահը նախորդ տարվա դեկտեմբերի 05-ին հայտարարություն է արել։

Ընդ որում, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 20-րդ հոդվածի՝ Ազգային ժողովի նախագահն ընթացք չէր տա պատգամավորների դիմումին, այսինքն՝ հանձնաժողովը չէր ստեղծվի, եթե նախաձեռնության հետ կապված առկա լիներ որևէ խնդիր։ Տվյալ դեպքում, Ազգային ժողովի նախագահն ընթացք է տվել դիմումին, իսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն իր եզրակացությամբ ևս մեկ անգամ փաստել է դրա բովանդակության համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սա հատկապես կարևոր է այն առումով, որ իշխող խմբակցության որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև վերջ պնդում էին, որ Ազգային ժողովն այս մասով լիազորություն չունի։

Ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի՝ քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Այսինքն, հանձնաժողովում Դոնթի բանաձևով մեծամասնություն կազմելու էին իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները (առաջարկվող 11 անդամներից 7-ը)։ Եվ բնականաբար որոշումների կայացմանը որոշիչ էին լինելու մեծամասնության անդամների ձայները՝ չնայած նրան, որ հանձնաժողովը նախագահելու էր ընդդիմության ներկայացուցիչը։

Քանի որ քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով արդեն ստեղծված է համարվում, ըստ Սահմանադրության 108-րդ հոդվածի 2-րդ մասի և Կանոնակարգի 20-րդ հոդվածի 6-րդ մասի՝ մնում էր սահմանել քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Այդ մասին մեր կողմից ներկայացվել է որոշման նախագիծ և առաջարկվել անդամների թիվը նախատեսել 11։

Նշված որոշման ընդունումը տապալելով՝ իշխող մեծամասնությունն ուղղակիորեն խոչընդոտում է Ազգային ժողովի պատգամավորների ¼-ի՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու սահմանադրական իրավունքի իրացմանը, որը ֆունդամենտալ նշանակություն ունի խորհրդարանական երկրի կայացման համար։

Ըստ էության, այս հանձնաժողովի ստեղծմանը խոչընդոտելը խոսում է այն մասին, որ քաղաքապետարանում իրապես գործել է կոռուպցիոն սխեմա, այլապես իշխող ուժի ներկայացուցիչներն իրենք շահագրգռված կլինեին ստեղծված քննիչ հանձնաժողովի ձևավորմամբ և դրա զեկույցի ստացմամբ։

Այսպիսով, քաղաքական մեծամասնությունը միայն խորացրեց կոռուպցիայի վերաբերյալ կասկածները։ Օդում կախված մնացին այն լուրերը, որ նախկին իշխանությանը հարող օլիգարխները քաղաքապետարանի հորդորով համայնքին գույք են նվիրաբերել՝ դրա դիմաց ստանալով որոշակի արտոնություններ կամ այլ իրավունքներ։

Փաստացի հեղափոխությունից հետո առաջին անգամ մենք առերեսվեցինք կլանային մտածողության հետ, երբ իրավունքը ստորադասվում է թիմակցին փրկելու, նրա կամայականությունները քողարկելու արատավոր պրակտիկային։ Վերոհիշյալը հիմնավորում է այն տեսակետը, որ Հայաստանը դեռևս միայն անունով է պառլամենտական պետություն, իսկ կառավարող թիմը ոչ միայն չի փորձում պառլամենտարիզմի իրական ավանդույթներ ձևավորել, այլև ընդհակառակը՝ նմանատիպ հակաժողովրդավարական մոտեցումներով հետքայլ է արձանագրում զարգացման ուղուց ու էլ ավելի սահմանափակում խորհրդարանի դերը Հայաստանի քաղաքական կյանքում, ինչը գնահատում ենք դավաճանություն հեղափոխության հռչակած արժեքներին։

«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է այս գործելաոճը՝ համարելով դա նահանջ ժողովրդավարական հասարակարգ կառուցելու գործում»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ